Հարցազրույց Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հետ
Akhaltskha.Net-ի հարցազրույցը Վրաստանի Խորհրդարանի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի հետ
Պրն․ Մկոյան այսօր ողջ աշխարհում բոլոր հայերը 103-րդ անգամ հարգանքի տուրք են մատուցում նահատակված զոհերի հիշատակին: Պարոն Մկոյան, ի՞նչ կասեք օրվա խորհրդի մասին:
-Ապրիլի 24-ը Հայոց պատմության արյունով ներկված ցեղասպանության չմոռացվող էջն է: Ցեղասպանության արհավիրքը հայ ժողովրդի չսպիացած վերքն է, որ ժառանգել ենք մեր արյան հիշողությամբ, այն մեր ինքնության մի մասն է:
Մեծ եղեռնից 103 տարի է անցել:Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեր կողքին են կանգնած մեր պետության՝ Վրաստանի բազում քաղաքացիներ և պաշտոնական այրեր, մեզ հետ միասին հարգանքի տուրք են մատուցում Հայոց Ցեղասպանությանը զոհ գնացած սրբադասված բոլոր նահատակներին:
Այսօր շատ պետություններ են ճանաչել Ցեղասպանության փաստը: Հավատի և ազգի համար ավելի քան մեկուկես միլիոն նահատակների հիշատակն անմեռ է: Մենք էլ հայոց ցեղաստանությունը վերապրածների ժառանգներն ենք, հետևաբար` պահանջատեր ենք: Մենք նույնպես այս ուղղությամբ աշխատանքներ ենք տանում և հուսով ենք, որ մի օր էլ մեր երկիրը կճանաչի Հայոց Ցեղասպանությունը:
Թո՛ղ ոչ մի ազգ երբեք Եղեռն չտեսնի։ Թո՛ղ ոչ մեկը մեզ նման մահապուրծ պանդուխտ չլինի։ Թո՛ղ Աստված խաղաղություն կպարգևի հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին։
Պարոն Մկոյան, քանի, որ մեզ ընթերցում են ամբողջ աշխարհում խնդրում ենք ասեք ինչպե՞ս են Ջավախքում նշում այս օրը:
-Ապրիլի 24-ին` Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրը, Ախալքալաքի և Նինոծմինդայի եկեղեցիներում տեղի ունեցան ոգեկոչման արարողություններ:
Սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձաների մոտ ինձ հետ միասին հարգանքի տուրք են մատուցել, ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհել ՏԻՄ ղեկավարները՝ Նաիրի Իրիցյանն ու Յուրիկ Ունանյանը, Սմբատ Կյուրեղյանն ու Անիվարդ Մոսոյանը, Տեղական Ինքնակառավարման Մարմինների պատգամավորներն ու հանրային ծառայողները, կրթամշակութային հասատատությունների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչները, դպրոցականներն ու բազում քաղաքացիներ:
Այսօր նաև իմ կողմից նախաձեռնված ծառատունկ ենք կազմակերպել, որին ակտիվ մասնակցել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ու Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանն իրենց գործընկերների հետ միասին:
Ապագայի մասին հոգ պիտի տանենք այսօր: Քանի որ մեր հայ համայնքը մեր երկիր Վրաստանում ամենամեծն է, մենք պիտի նպաստենք, որ դաստիարակենք Վրաստանի կիրթ և բանիմաց քաղաքացիներ, մայր հայրենիքի արժանի հայազգի սերունդ, մայրենի լեզվին զուգահեռ պիտի սովորենք ու տիրապետենք պետական լեզվին, դառնանք լավ մասնագետներ՝ ինչպե՛ս բարձրագույն կրթությամբ, այնպես էլ պրոֆեսիոնալ- տեխնիկական կրթությամբ: Մեր երիտասարդները մեր ապագան են, նրանց ճիշտ դաստիարկության հարցն էլ կյանքի հրամայականն է:
Եվ թող բարությունն ու խաղաղությունը լինեն ամենուր։
Պարոն Մկոյան,ի՞նչ կասեիք հայաստանյան վերջին իրադարձությունների մասին:
-Վարչապետի հրաժարականից առաջ, «Իրավունք» թերթին տրված իմ հարցազրույցում ես արտահայտել եմ հստակ կարծիքս: Ժողովուրդը միշտ էլ ճիշտ է և պետք է հաշվի առնել նրա կարծիքը: Մենք մի ընտանիք ենք և մայր հայրենիքում յուրաքանչյուր լարվածություն մեզ խիստ անհանգստացնում է և ցավ պատճառում: Բոլոր կողմերին կոչ եմ արել ցուցաբերել անհրաժեշտ զսպվածություն, հանդուրժողականություն ու կուտակված հարցերի շուրջ կառուցողական երկխոսության նախաձեռնում: Երկրի զարգացման համար իշխանություն և ժողովուրդ կապը պիտի լինի անքակտելի:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իրականացրել է հավաքների ազատության իր իրավունքը:
Քաղաքացիական շարժումը, որի ընթացքում մարդիկ արտահայտում են իրենց սեփական կարծիքն ու տեսակետը, պետք է ունենա խաղաղ բնույթ և որևէ կողմից իրավունքների սահմանափակում պիտի չլինի,սադրանքներ պիտի չլինեն, ինչպես նաև «անհամաչափ ուժի» գործադրում պիտի չլինի:
Ուրախ եմ, որ ցասմամբ արտահայտված հասարակական կարծիքը հաշվի է առնվել, խաղաղ և ճիշտ որոշում կայացվել:
Հուսով եմ, որ հաղթանակած ժողովրդի վստահությունը չի չարաշահվի, քաղաքական հարթակ կմտնեն առաջադեմ և բանիմաց երիտասարդներ , ովքեր էլ կկառուցեն ժողովրդավարկան Հայաստանի պայծառ ապագան:
Շնորհավորում եմ ժողովրդավարության հաղթանակի առթիվ: