Գլենդելի Արցախ փողոցում տեղի է ունեցել հանրահավաք ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության
Ժամեր առաջ ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի Արցախ փողոցում տեղի է ունեցել բազմամարդ ցույց ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի։ Ինչպես Akhaltskha.Net-ի հետ զրույցում տեղեկացրեց Լոսանջելեսի բնակիչ ազատամարտիկ ու հասարակական գործիչ Էդուարդ Էնֆիաջանը, ցույցին մասնակցել է մոտ 2000 մարդ։
«Ցույցի ընթացքում ելույթ են ունեցել բազմաթիվ մարդիկ, հասարակական գործիչներ, մտավորականներ եւ Գլենդել քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, որոնք բոլորը միասին հավաքվել էին այն մեկ նպատակով, որ աջակցեն Երեւանում տեղի ունեցող ցույցերին»,-ասում է Էդուարդ Էնֆիաջանը։
Նրա խոսքերով հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել նաեւ Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, ով կոչ է արել Հայաստանի իշխանությանը ու ոստիկաններին ուժ չկիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ, ինչպես նաեւ հույս է հայտնել, որ երիտասարդների ազատ պայքարը իր արդյունքներն է տալու։