Մեր ընթերցողներին ենք ներկայացնում ախալցխահայերի վերաբերմունքը Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի պաշտոնավարման վերաբերյալ
Արդեն մի քանի օրը է, ինչ Երեւանում ընթանում են ցույցեր ընդդեմ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարվող «Քայլ արա մերժիր Սերժին» նախաձեռնությունը օր-օրի մեծ թափ է ստանում։ Այս կապակցությամբ Akhaltskha.Net կայքը փորձեց իմանալ ախալցխահայերի դիրքորոշումը տվյալ հարցերի վերաբերյալ եւ զրուցեց քաղաքի ու շրջանի մի շարք բնակիչների հետ։
Ախալցխայի Խաշուտ գյուղի բնակիչ, բանաստեղծ Մինաս Գրիգորյանի խոսքերով ինքը շատ վատ է վերաբերվում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին։ «Ես շատ վատ եմ վերաբերվում նրա երրորդ պաշտոնավարման փորձին եւ ավելի բացասական չեմ էլ կարող պատկերացնել իմ վերաբերմունքը»,-ասում է Մինաս Գրիգորյանը։ Նրա խոսքերով հայ ազգը մի ազգ է, որը իր բանականությամբ ու քաղաքակրթությամբ միշտ պետք է լինի առաջատար ազգերի շարքում եւ չնմանվի ավտորիտար ռեժիմ ունեցող երկրներին, որտեղ գրեթե երբեք իշխանափոխություն տեղի չի ունենում։
Նրա կարծիքով շատ ողջունելի են Երեւանում ընթացող ցույցերը, քանզի ժողովրդին ուրիշ ելք չի մնացել։ «Դանակը ոսկորին է հասել։ Հայաստանում գրեթե միջին տարիքի մարդիկ ու երիտասարդներ չեն մնացել։ Մնացել են թոշակառուները, երեխաները ու պետական ծառայողները։ Ցավոք թոշակառուները ֆիզիկապես չեն կարող պայքարել, թե չէ տասնապատիկ անգամ ավելի շատ մարդ կլիներ փողոցներում»,-ասում է բանաստեղծ Մինաս Գրիգորյանը։
Ախալցխայի բնակիչ Ռաֆայել Բաղդասարյանի կարծիքով այս տարիների ընթացքում Հայաստան երկիրը թուլացել է իսկ ժողովուրդը բռնել գաղթի ճանապարհը, քանզի Սերժ Սարգսյանը հարստանում է ժողովրդի հաշվին եւ չի թույլատրում, որ հայ ազգը զարգանա։ «Մենք դեմ ենք նրան, քանի, որ առաջխաղացում չունի երկիրը։ Եթե այսօրվա ցույցերը հայրենասիրական բնույթ են կրում եւ դրանց հետեւում ուրիշ խաղեր չկան, ապա ես շատ լավ եմ վերաբերվում տվյալ ցույցերին։ Իմ տեսակետով նրանք լավ գործ են անում։ Սերժ Սարգսյանին իշխանության օրոք հարյուր հազարավոր մարդիկ են հեռացել Հայաստանից, դա տեղի էր ունեցել թույլ նախագահ ունենալու պատճառով։
Մեկ էլ պետք է ասեմ, որ այն ազատամարտիկները, ովքեր ամեն ինչ արել են իրենց ազգի համար այսօր բանտերում են հայտնվել։ Ինչպես մենք կարող ենք ընդունել այդ մարդուն, երբ նա բանտերի մեջ փթեցնում է մեր ազատամարտիկներին։ Մեր ժողովրդին պետք չէ ծախված ու կաշառակեր իշխանություն»,- ասում է Ռաֆայել Բաղդասարյանը։
Ախալցխայի մեկ այլ բնակիչ Վիտալի Էլոյանի կարծիքով մարդիկ Հայաստանում ապրում են հիասթափության մեջ ու նրանց ստիպում են, որ իրենք արժանապատվություն չունենան։ «Այսօրվա իշխանությունները անտեսում են իրենց քաղաքացիների կարծիքները ու դրանք բացարձակապես հաշվի չեն առնում։ Ովքեր, որ կրթություն ունեն ու գիտելիքներ ստիպված արտագաղթում են Ռուսաստան ու այլ երկրներ, երբ, որ նրանք կարող էին ապրել Հայաստանում ու նպաստեին իրենց երկրի բարգավաճմանը։ Քառօրյա պատերազմի օրոք նրա պատճառով մենք կորցրեցինք հարյուրավոր հեկտար տարածքներ։ Ես կարծում եմ, որ մարդիկ իրենց ազատության համար են այսօր պայքարում ստրուկի կարգավիճակից դուրս գալու համար։ Հիմա օրինակ ինչ ձեւ են վերաբերվում ոստիկանները ցուցարարների հետ։ Չէ, որ նրանք եւս ունեն ընտանիքներ ու երեխաներ ու ի՞նչ նրանց երեխաները միայն ոստիկան են դառնալու։ Ի՞նչ են ուզում, որ հայերը թողնեն հեռանանք մեր երկրից»,-ասում է Վիտալի Էլոյանը։
Ախալցխայի հայկական դպրոցի նախկին տնօրեն, սակրեբուլոյի նախկին պատգամավոր Ռոբերտ Մուրադյանի խոսքերով ինքը դեմ է երբ երկրի ղեկավարները մնում են պետության ղեկին երկրորդ ժամկետից հետո։ Նրա կարծիքով դա տեղի է ունենում միայն հետամնաց ավտորիտար երկրներում։ «Եթե կատարվեր ինչ-որ հրաշք եւ պետությունը մեծ քայլ աներ դեպի առաջ, ժողովրդի կյանքը փոխվեր դեպի լավը, ճանաչվեր Ղարաբաղը ու երիտասարդները չթողնեին ու չգնային Հայաստանից, գուցե ես կարծիքս փոխեի ու մտածեի, որ իսկապես մարդը պետք է երրորդ անգամ մնա, բայց ինչ, որ ես տեսնում եմ 10 տարի անց, ամեն ինչ վատ-վատ ու վատ է»,-ասում է Ռոբերտ Մուրադյանը։
Նրա խոսքերով իրավիճակը շատ բարդ է, բայց ինքը հույսը դրել է Աստծո ու երիտասարդության վրա։
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանի կարծիքով ներկայիս իշխանությունը պետք է լսի ժողովրդին ու խուսափի ուժի կիրառումից։ Նա եւս կարծում է, որ ժողովրդավարական երկրում ոչ մեկ իրավունք չունի ընտրվելու երրորդ ժամկետին, առավել եւս, որ դրան դեմ է Հայաստանի ժողովրդի մեծամասնությունը ու աշխարհասփյուռ հայությունը։ «Գիտեք տարեցտարի Հայաստանում բողոքի ալիքը ընդդեմ ներկայիս իշխանության ձնագնդի պես աճում է։ Կարծում եմ, որ օրեց-օր այդ խնդիրը միայն սրվելու է։ Հիմա կարեւորը այն է, որ իշխանությունները հրաժարվեն ժողովրդի հանդեպ ուժի կիրառումից»,-ասում է Էդուարդ Այվազյանը։
Նա նաեւ ավելացրեց, որ նրա կարծիքով ներկայիս ցույցերը բավականին տարբերվում են նախորդ ցույցերից եւ մեծ է հավանականությունը, որ այն ի վերջո հանգեցնի հեղափոխության, որի միջոցով հավանական է տեղի ունենա իշխանափոխություն։ Սակայն նրա խոսքերով ներկայիս ընդդիմադիր ուժերը, որոնք ղեկավարում են տվյալ պրոցեսը պետք է հաշվի առնեն այն սխալները, որոնք թույլ են տրվել Վրաստանի նախկին իշխանությունները Վարդերի հեղափոխության ժամանակ կամ Ուկրաինայի իշխանությունները Մայդանի հեղափոխության ընթացքում, որպեսզի Հայաստանը կարողանա խուսափել նման անցանկալի զարգացումներից, որոնք կարող են պարտադրվել Հայաստանի ներկայիս դաշնակից Ռուսաստանի կողմից։ Այսինքն նրա խոսքերով եթե Հայաստանը հայտնվի նման ֆորսմաժորաին իրավիճակում պետք է կարողանա սկզբնական փուլում վարել ճկուն արտաքին քաղաքականություն ու խուսափի լարվելուց Ռուսաստանի հետ, չնայած, որ դրա հիմքերը վաղուց են առաջացել հայ ժողովրդի համար, Ռուսաստանի անհեռատես քաղաքականության պատճառով։
Հասարակական գործիչ Ամալյա Սարգսյանի խոսքերով իր կարծիքը Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման ժամկետի շուրջ բացասական է այն պատճառով, որ Հայաստանում այս տարիների ընթացքում տեղի չի ունեցել ոչ մի դրական փոփոխություն։ Եթե նախկին նախագահը դրական գործունեություն ծավալած լիներ ապա այսօր ոչ ոգ նրա դեմ չեր դուրս գալու։ «Եթե նման քաղաքականությունը շարունակվի ապա մի քանի տարի անց հնարավոր է ավելի բարդ իրավիճակ ստեղծվի։ Ճիշտ կլինի Սերժ Սարգսյանը հիմա գոնե մի անգամ ճիշտ որոշում կայացնի ու ժողովրդավարության իմաստով օրինակ վերցնի հարեւան Վրաստանից այլ ոչ թե Ադրբեջանից»,-ասում է Ամալյա Սարգսյանը։
Ախալցխայի բնակիչ Ավետիք Չեչելյանի կարծիքով Հայաստանում իշխանությունը չպետք է նմանվի թագավորության, որտեղ մեկ անգամ նստում են իշխանության աթոռին ու հետո իրենց երեխաներին փոխանցում այն։ «Եթե ժողովրդավարություն է ուրեմն պետք ժողովրդավարություն լինի: Հիմա Հայաստանում ընթացող ցույցերը շատ դրական են, քանզի եթե չլինեն ցույցերը, ապա իշխանությունները ինչ կուզենան դա էլ կանեն։ Պետք է հզոր ընդդիմություն ձեւավորվի Հայաստանում ու այդ ընդդիմությունը պետք է հասնի հաղթանակի, բայց հետագայում նրանք նորմալ պետք է ղեկավարեն, որ նույն Սերժ Սարգսյանի արած սխալները չկրկնեն իրենց իշխանությունը ամրապնդելու համար»,-ասում է Ավետիք Չեչելյանը։
Ախալցխայի մեկ այլ բնակիչ Սերգեյ Նահապետյանի խոսքերով Սերժ Սարգսյանը չպետք է մնա երրորդ ժամկետում։ Նրա կարծիքով Սերժ Սարգսյանի ամենամեծ սխալը այն էր, որ նա բանտարկել է հայ ազգի հերոսներին, ինչը չափազանց բացասական երեւույթ է։ Նրա կարծիքով Ախալցխայի հասարակությունը աջակցում է այսօր Հայաստանում տեղի ունեցող ցույցերին։
Հարկ է նշել, որ Akhaltskha.Net-ի տեղեկությունների համաձայն մի շարք Ախալցխայի բնակիչներ մեկնել են Երեւան մասնակցելու Սերժ Սարգսյանի դեմ ընթացող ցույցերին։