ԱՄՆ-ի մի շարք հայկական կազմակերպություններ հայտարարություն են տարածել Հայաստանի կողմից Սիրիայի հարցում ՀԱՊԿ-ին աջակցելու հետ կապված
Ռուսաստանի Դաշնության քաղաքական թելադրանքի ներքո գործող ՀԱՊԿ Խորհուրդը 2018 թվականի ապրիլի 14-ին հրավիրած նիստում հայտարարություն է ընդունել, որտեղ ի թիվս այլ հարցերի, ԱՄՆ, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կոալիցիոն ուժերի կողմից Սիրիայի քիմիական զենքերի պահեստարանների և այլ կառույցների հրթիռակոծումը համարել է անօրինական և միջազգային օրենքներին հակառակ: Նշվում է նաև, որ ԱՄՆ և իր դաշնակիցներն իրենց գործողություններով վտանգում են Սիրիայում հակաահաբեկչական պայքարը և այդ երկիրը տանում կործանման: ՀԱՊԿ-ի անդամ է նաև Հայաստանի Հանրապետությունը:
Ելնելով այն փաստից, որ ՀՀ իշխանություններն արդեն երկար տարիներ ձևավորվում են անօրինական, կեղծված ընտրություններով և կլանային սկզբունքով ու իրենց գործունեությամբ ՀՀ-ը դարձրել են Ռուսաստանի գաղութը, ոչնչացնելով անկախ պետականությանը բնորոշ բոլոր ինստիտուտները, մենք՝ ԱՄՆ-ում գործող հայկական կազմակերպություններս հայտարարում ենք, որ ՀՀ իշխանություններն ապօրինի են, չեն ներկայացնում ՀՀ պետության և բնակչության շահերը, հետևաբար իրավունք չունեն ՀՀ անունից հայտարարություններ անել, վտանգելով ԱՄՆ և ՀՀ գործընկերային հարաբերությունները և ՀՀ անվտանգությունը՝ ՀՀ-ն մատնելով քաղաքական լիակատար մեկուսացման:
Գեոպոլիտիկ ակումբ
Policy Forum Armenia
Հայկական Վերածնունդ Լոս Անջելեսի բաժանմունք
Հայ Ամերիկյան քաղաքացիական աջակցության կենտրոն