Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը ուշադիր հետեւում է ապրիլի 13-ից Երևանում մեկնարկած Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ՝ «Իմ քայլը» շարժման նախաձեռնությամբ իրականացվող խաղաղ ցույցերին, որոնք ղեկավարվում են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից։
Այդ առումով կազմակերպությունը կոչ է անում ոստիկաններին ու ցուցարարներին զերծ մնալ ավելորդ ծայրահեղություններից, որպեսզի խաղաղ ցույցերը չտեղափոխվեն ֆիզիկական առճակատման դաշտ։ Անչափ կարեւոր է, որ ոստիկանությունը խաղաղ ցուցարարներին, այդ թվում նաեւ անչափահաս երեխաներին բերման ենթարկելու փոխարեն զբաղվի հանրահավաքներից սադրիչների հեռացման գործով, որոնք պարբերաբար հարձակվում են խաղաղ ցուցարարների ու լրագրողների վրա։
Դրանից բացի Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը կոչ է անում Հայաստանի իշխանություններին չխոչընդոտել մարդկանց հիմնարար իրավունքը ազատ հանրահավաքներ անցկացնելու վերաբերյալ։
Ստեղծված իրավիճակը լավագույն ապացույցն է նրա, որ Հայաստան երկիրը լուրջ ու անհետաձգելի բարեփոխումների կարիք ունի, որոնք կարող են տեղի ունենալ միայն ու միայն ժողովրդի ազատ կամքի արտահայտման միջոցով, ինչը եւ այսօր տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում։
Այդ ամենի հետ մեկտեղ անչափ կարեւոր է, որ Հայաստանում գործող լրատվամիջոցները ունենան հնարավորություն առանց որեւե խոչընդոտի երկրում տեղի ունեցող իրադարձությունները օբյեկտիվ ու ազատ լուսաբանելու համար։ Խոսքը հիմնականում վերաբերվում է Հայաստանում գործող հեռուստաընկերություններին, որոնք շատ հաճախ սահմանափակված են ազատ լրատվություն ապահովվելու մեջ եւ 21-րդ դարում չունեն ուղիղ հեռարձակումներ կազմակերպելու մշակույթ։
Հարկ է նաեւ նշել, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները մեր գնահատմամբ ինքնաբուխ են եւ չունեն որեւե աշխարհաքաղաքական ենթատեքստ, ինչը փաստում է, որ բոլոր շահարկումները թե ցույցերը վտանգում են երկրի պետականությունը ու ազգային անվտանգությունը չեն համապատասխանում իրականության, քանզի տվյալ պրոցեսները բացարձակ տարբերվում են մի շարք հետխորհրդային երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխություններից։
Այս առումով Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնը շրջանի բնիկ ժողովրդի մեծամասնության անունից հայտարարում է, որ լիարժեք աջակցում է Հայաստանի խաղաղ ցուցարարների ազատ կամարտահյտության իրավունքին ու համարում է, որ երկրում առկա բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով ու ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան։
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն
Ք․ Ախալցխա
21․04․2018թ․