Ախալցխայի հայկական դպրոցի տնօրենը հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները
Ախալցխայի հայկական թիվ 3 հանրային դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան հերքում է իր հասցեին հնչեցրած բոլոր մեղադրանքները։ Նրա խոսքերից պարզ է դառնում, որ նա հայոց լեզվի եւ պատմության ուսուցիչների հետ միասին որոշել է այս տարի փոխել դպրոցում ձեւավորված ավանդույթը եւ միջոցառման փոխարեն Հայոց Ցեղասպանության թեմայի շուրջ ընդամենը դասընթացներ անցկացնել։ «Դա միայն իմ որոշումը չի եղել։ Մենք հայոց լեզվի ու պատմության ուսուցիչների հետ որոշել ենք այս տարի դպրոցում մտնել բոլոր դասարանները ու ամբողջ դասի ընթացքում բոլոր դասարաններում պատմեն Ցեղասպանության մասին»,-Akhaltskha.Net-ի հետ զրույցում ասաց հայկական դպրոցի տնօրեն՝ Սուսաննա Ակոպովան։
Նա նաեւ ասաց, որ անցած տարիների նման դպրոցում բեմի վրա միջոցառում այս տարի չի լինելու եւ դրա փոխարեն դասարաններում կանցկացվեն հիշողության ժամեր պրոեկտորների միջոցով, որոնք նրա կարծիքով թույլ կտան աշակերտներին ավելի լավ հասկանալ կատարված ողբերգությունը։
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացնում էր Newspress.am հայաստանյան լրատվական կայքը, Ախալցխայի թիվ 3 հանրային դպրոցի տնօրենը օրերս հրավիրել է ժողով և դպրոցի մոտ 60 աշխատակիցների հորդորել, որ աշակերտների շրջանում աշխատանք տարվի, որպիսի նրանք դուրս գան Ցեղասպանության տխուր մթեմայից։
Ինչպես գրել էր կայքը, տնօրենը ասել էր, թե երեխաները կամաց-կամաց պետք է մոռանան Հայոց Ցեղասպանության թեման, քանի որ այն տեղի ունեցել 1 դար առաջ, իսկ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցածը կարիք չկա հիշելու․ «թող երեխաները դուրս գան այդ տխուր թեմայից, չհիշեն, որ Ցեղասպանություն է եղել»,-ասել է նա։