«Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցությունը Ախալքալաքում ներկայացրեց իր քաղաքապետի թեկնածուին
Սեպտեմբերի 9-ին Ախալքալաքի կենտրոնական այգում տեղի ունեցավ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության նախընտրական հավաքը, որի ընթացքում կուսակցությունը շրջանում առաջադրեց իր քաղաքապետի թեկնածուին: Բազմամարդ հանրահավաքը բացեց Ֆեդյա Թորոսյանը, ով «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության կողմից Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնի համար հանրությանը ներկայացրեց Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանին:
Նախընտրական հավաքի ժամանակ Սամվել Պետրոսյանը անդրադարձավ Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցին, հատկապես նշելով, որ այն պետք է ընդունվի Ախալքալակի սակրեբուլոյի կողմից: Այդ կապակցությամբ նա խոստացավ, որ «Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցությանը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ աջակցելու դեպքում նրանք Ախալքալաքի քաղաքային խորհրդում կճանաչեն Հայոց Ցեղասպանությունը:
Սամվել Պետրոսյանը անդրադարձավ նաեւ ժողովրդին հուզող մի շարք խնդիրների այդ թվում բարձր վարկերի եւ շրջանի համար անհամաչափ բարձր զինակոչի ցուցանիշի խնդրին, որը շատ հաճախ հուզում է մարդկանց, քանզի զինակոչը հետաձգելու համար հարազատներից պահանջվում է մեծ գումարներ:
Քաղաքապետի թեկնածուն նախընտրական հանրահավաքի ժամանակ անդրադարձավ նաեւ հայոց եւ վրաց լեզվի խնդիրներին, երկքաղաքացիություն ստանալու կարեւորության հարցին եւ Վրաստանի խորհրդարանում ազգային փոքրամասնությունների համար հատկացվող մանդատների հավասարության վերականգնման անհրաժեշտության մասին:
«Վրաստանի Հայրենասերների դաշինք» կուսակցության նախընտրական հավաքին եկել էին մասնակցելու հարյուրավոր ախալքալաքցիներ:
Akhaltskha.Net