Արցախի ԱԺ-ի խմբակցությունների ղեկավարները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը
Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ղեկավարները հանդիպել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ, քննարկել Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհի հետ կապված հարցեր: Նոր երթուղու անվտանգությունը կապահովեն ռուս խաղաղապահները:
Արթուր Հարությունյան (Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար) — Նոր երթուղին միջանցքի կարգավիճակ է ունենալու, և այդտեղ 2,5-ական կիլոմետրանոց հատվածներում չեն լինելու ադրբեջանական հենակետեր:
Հղում անելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը վերահաստատել է, որ խաղաղապահները կվերատեղակայվեն միայն այն ժամանակ, երբ պատրաստ լինի Լաչինի այլընտրանքը:
Այն պետք է իրավական կարգավիճակ ունենա, «Արդարություն» խմբակցությունից ընդգծում է Դավիթ Գալստյանը:
Դավիթ Գալստյան (Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար) — Ռուս խաղաղապահները թե՛ Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցում, թե՛ նոր ճանապարհի իրավական տեսանկյունից ինչ-որ տեղ հավաստիացրել են, որ` այո, ունենալու է նույն միջանցքի տրամաբանությունը:
Արցախի խորհրդարանականներն անդրադարձել են Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններին, շփման գծի տարբեր հատվածներում առաջխաղացման փորձերին: Ռուսական կողմը վստահեցրել է՝ ջանքեր կգործադրեն` բացառելու ադրբեջանական սադրանքները:
Արթուր Հարությունյան -Իրենց կողմից վստահեցվել է, որ արվել են որոշակի եզրահանգումներ՝ հետագայում այդ միջադեպերը բացառելու համար: Ավելի շատ ջանք է գործադրվելու, որպեսզի նմանատիպ միջադեպերը չկրկնվեն:
Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը, որը կառուցել են ադրբեջանցիները, սկսում է Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի 36-րդ կիլոմետրից, Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին Շեն գյուղերով հասնում Սյունիքի մարզի Կոռնիձոր համայնքի մերձակա տարածք:
Օգոստոսի 3-ից հայկական 3 ընկերություն ակտիվ շինարարական աշխատանք է կատարում, որ Լաչինի այլընտրանքային երթուղուն միացող Հայաստանի 11 կիլոմետրանոց հատվածը արագ շահագործման հանձնվի: