ՀՀ-ն՝ ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ զորավարժության մասնակից. ինչո՞ւ է դաշինքը դուրս թողել Ադրբեջանին
Ադրբեջանն իրեն համարելով ՆԱՏՕ-ի գործընկեր՝ վարում է շատ ագրեսիվ քաղաքականություն ՆԱՏՕ-ի մեկ այլ գործընկերոջ՝ ՀՀ-ի հանդեպ
Հուլիսի 30-ին Թբիլիսիի մոտակայքում գտնվող երկու ռազմակայաններում անցկացվելու են ՆԱՏՕ-ի «Արժանապատիվ գործընկեր 2017» երրորդ զորավարժությունները, որոնք այս տարի ամենամասշտաբայինն են: Մասնակցելու են 8 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Թուրքիայի, Սլովենիայի եւ Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչները: Թեմայի շուրջ «Առավոտի» զրուցակիցն է Javakhk Media-ի ջավախքյան բաժնի խմբագիր, Akhaltskha.net կայքի գլխավոր խմբագիր, «Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոն» հ/կ ղեկավար Էդուարդ Այվազյանը:
-Պարոն Այվազյան, թե վրացական եւ թե միջազգային մամուլը հուլիսի 30-ին կայանալիք ՆԱՏՕ-ի «Արժանապատիվ գործընկեր 2017» զորավարժությունները համարում է պատմական կարեւորություն ունեցող, եւ ընդգծում, որ դրանք նոր որակ են հաղորդելու Վրաստան-Արեւմուտք հարաբերություններին, ինչպես նաեւ՝ դրական են ազդելու տարածաշրջանային անվտանգության վրա: Ինչպիսի՞ն է այս առնչությամբ ձեր գնահատականը՝ որպես Վրաստանում գործող վերլուծաբան:
-Իհարկե, համամիտ եմ այն գնահատականին, որ ՆԱՏՕ-ի «Արժանապատիվ գործընկեր 2017» զորավարժությունները դրական են ազդելու տարածաշրջանի անվտանգության վրա եւ նոր որակի են բարձրացնելու Վրաստան-ՆԱՏՕ փոխհարաբերությունները: Վրաստանն իր ապագան վաղուց կապել է ՆԱՏՕ-ի հետ, եւ այդ առումով այս զորավարժությունները կարելի է իրոք համարել պատմական, քանզի դրանց ավարտին, վստահ եմ, որ նոր փուլ է բացվելու տվյալ ռազմաքաղաքական դաշինքի եւ Վրաստանի հարաբերությունների միջեւ: Դրան մի փոքր ժամանակ անց կարող է հաջորդել երկրի լիարժեք անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Չեմ կարծում, որ այլեւս երկար ձգձգվի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը: Այս զորավարժությունները հենց դա են վկայում, որ ՆԱՏՕ-ն շատ ավելի մոտ է Վրաստանին, քան ոմանք կարծում են:
-Ձեր կարծիքով՝ հատկապես ո՞ր սպառնալիքները հաշվի առնելով է ՆԱՏՕ-ն նման կարգի զորավարժություն նախաձեռնում՝ ներգրավելով 8 երկրի 2800 ներկայացուցչի:
-Սպառնալիքներն այսօր առավել շատ են, քան երբեք. լինի դա ահաբեկիչների ակտիվությունը Իրաքում ու Սիրիայում, կամ Ռուսաստանի ու Ադրբեջանի անկանխատեսելի ագրեսիվ պահվածքն իրենց հարեւանների նկատմամբ, որը մեծ սպառնալիք է ստեղծում մեր շրջանում: Օրինակ, վրացական մամուլից մշտապես կարելի է տեղեկանալ այն մասին, թե ինչպես են ռուս զինվորները հաճախ սահմանի տեղաշարժ իրականացնում՝ աստիճանաբար ավելի խորը մտնելով Վրաստանի տարածքի մեջ: Կամ, որ նույն Ռուսաստանն այդքան մեծ քանակության հարձակողական զինատեսակներ է տրամադրում Ադրբեջանին: Համոզված եմ, որ այս բոլոր սպառնալիքները հաշվի առնելով՝ ՆԱՏՕ-ն զորավարժություններ է իրականացնում Վրաստանում, որպեսզի ցույց տա, որ իր ռազմաքաղաքական դաշինքը անտարբեր չէ Ուկրաինայի, Վրաստանի ու Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակով:
-Չափազանց ուշագրավ է, որ այս զորավարժություններին միայն ՀՀ-ն եւ Ուկրաինան են մասնակցելու որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող, բայց գործընկեր երկրներ: Ինչպես տեսնում ենք, շարքում բացակայում է Ադրբեջանը: Ինչի՞ մասին է սա վկայում:
-Դուք չեք նշել Վրաստանը: Վրաստանը դեռեւս ՆԱՏՕ-ի երկիր չի հանդիսանում, չնայած՝ թվարկած պետություններից ՆԱՏՕ-ի հետ ամենասերտ կապերն ունի: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու այս զորավարժություններին չի մասնակցում Ադրբեջանը, ապա կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը զորավարժություններում ներգրավված չէ միանգամից մի քանի պատճառով: Նախ, Ադրբեջանը չափից դուրս կոռումպացված երկիր է, որտեղ այդ ամենի հետ մեկտեղ կոպտագույն ձեւով եւ համատարած խախտվում են մարդու հիմնական իրավունքները: ՆԱՏՕ-ն իր սկզբունքներից ելնելով՝ իհարկե, չի կարող հանդուրժել այս ամենը: Եվ երկրորդ, Ադրբեջանն իրեն համարելով ՆԱՏՕ-ի գործընկեր, միեւնույն ժամանակ, վարում է շատ ագրեսիվ քաղաքականություն ՆԱՏՕ-ի մեկ այլ գործընկեր Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանը մշտապես իրականացնում է սադրանքներ Հայաստանի եւ Արցախի հետ սահմանին ու դրանից դուրս՝ սպառնում է լայնամասշտաբ պատերազմով: Բոլորս նաեւ հիշում ենք, թե ինչպես Հունգարիայում հենց ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ադրբեջանցու կողմից կացնահարվեց հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանը, եւ թե ինչպես հանցագործ Ռամիլ Սաֆարովը ոչ միայն ազատ արձակվեց, այլ հերոսացվեց Ադրբեջանում: Այս բոլորը, կարծում եմ, ուղիղ կապ ունեն, այդ պատճառով է Ադրբեջանը հեռու պահվում ՆԱՏՕ-ի «Արժանապատիվ գործընկեր 2017» զորավարժություններից: Լրիվ օբյեկտիվ լինելու համար հարկ է նաեւ նշել, որ այսօրվա Ռուսաստանի եւ Ադրբեջանի մտածողությունը տարածաշրջանի ապագայի նկատմամբ շատ հարցերում համընկնում են, եւ դա եւս մեկ պատճառ է, որ Ադրբեջանը մեկուսացվում է տվյալ զորավարժություններից:
-Այս զորավարժությունները փաստում են տարածաշրջանում ուրվագծվող նոր իրողությունների, մասնավորապես՝ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մեջ նոր տարրերի ի հայտ գալու մասին: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս դա կազդի ջավախահայության տրամադրությունների եւ պատկերացումների վրա:
-Ջավախքի հայերը մշտապես եղել են Վրաստանի օրինապահ եւ արժանապատիվ քաղաքացիներ: Երբ երկիրը հայտնվում էր պատերազմական դրության մեջ, մեր ժողովուրդը մշտապես անում էր առավելագույնը, որպեսզի շրջան չներթափանցեն խառնակիչ եւ պառակտող ուժերը, որպեսզի շրջանը մնա ապահով ու անվտանգ: Դա փաստում է, որ մեր ժողովուրդը միշտ էլ ցանկացել է, որ Վրաստանը ունենա ուժեղ պետականություն, զարգացած ժողովրդավարություն ու անվտանգ սահմաններ, որտեղ հարգվելու են Ջավախքի հայերի բոլոր իրավունքները: Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես են ազդելու տվյալ զորավարժությունները Սամցխե-Ջավախքում բնակվող հայերի տրամադրությունների ու պատկերացումների վրա, ապա հարկ է նշել, որ տվյալ զորավարժություններին Հայաստանի ներգրավված լինելը շատ բան է փոխում մեր ժողովրդի պատկերացումների մեջ: Նախկինում շատերը ՆԱՏՕ ասելով՝ Թուրքիա էին հասկանում, իսկ հիմա տեսնելու են, որ հայ զինվորը եւս, եռագույնն ուսերին, մասնակցում է տվյալ զորավարժություններին, ու դա շատ մեծ՝ դրական ազդեցություն կունենա մեր ժողովրդի հոգեբանության վրա:
-Երբ ՀՀ-Վրաստան հարաբերությունները ձեռք են բերում նաեւ անվտանգության բաղադրիչ, ինչպե՞ս կազդի այդ իրողությունը՝ Վրաստանի քաղաքացի հայերի վրա:
-Շատ կարեւոր հարց է: Ես մշտապես նշել եմ, որ Հայաստանը եւ Վրաստանը պետք է լինեն անվտանգության նույն համակարգում: Այս տարածաշրջանում այլ կերպ դժվար կլինի գոյատեւել: Սակայն, ինչպես գիտենք, երկրները ինտեգրված են անվտանգության տարբեր համակարգերում, եւ դա մասամբ բացասաբար է ազդում Սամցխե-Ջավախքի հայ հասարակության վրա: Որպեսզի ավելի պարզ դառնա, ասեմ, որ վրացական մամուլը, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունները, միջազգային կառույցների մոտ տպավորություն են ստեղծում, իբր Ջավախքի հայերը ունեն ռուսական կողմնորոշում, ինչով ակնարկում են, թե դա իբր գալիս է Հայաստանից: Իրականում նման բան գոյություն չունի, սակայն տվյալ թեման շահարկվում է, որպեսզի միջազգային կառույցները լռեն, երբ տեղի հայերը բարձրաձայնում են իրենց իրավունքների մասին: Վերադառնալով հարցին՝ ասեմ, որ շատ կարեւոր է Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող բոլոր հնարավոր միջոցառումներին: Դրանով Հայաստանը ավելի սերտացնելու է հարաբերությունները տվյալ դաշինքի հետ, ինչը, իհարկե, շատ առումներով դրական է ազդելու Սամցխե-Ջավախքի հայերի իրավունքների վրա:
Զրուցեց ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ
«Առավոտ» 29.07.2017