ՊԲ-ն և ռուսական խաղաղապահ զորակազմը քայլեր են ձեռնարկում սրացումներ թույլ չտալու համար 02.08.2022 . Արցախ
Ադրբեջանական զինուժը օգոստոսի 1-ին առաջխաղացման փորձ է արել Շուշիի շրջանի Եղցահող համայնքի և Նարեշտար բնակավայրի ուղղությամբ, որը կասեցվել է ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Նարեշտարը Մարտակերտի շրջանի Վանք համայնքի վարչական տարածքում է:
Անդրեյ Սարգսյան (Արցախի Վանք համայնքի ղեկավար) — Առավոտյան ժամը 9-ի կողմերը Ադրբեջանի կողմից հարձակումներ են եղել մեր դիրքերի վրա: Բարեբախտաբար, մեր տղաները կասեցրել են նրանց առաջխաղացումը:
Լուրերը, թե Գանձասարի ուղղությամբ թեժ մարտեր են ընթացել, իրական չեն՝ ասում է Արցախի թեմի փոխառաջնորդ, Գանձասարի հոգևոր հովիվ Սահակ վարդապետ Շաքարյանը, որը նկարահանման պահին գտնվում էր վանական համալիրում:
Սահակ վարդապետ Շաքարյան (ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ) — Այն գիտակցությամբ, որ յուրաքանչյուր հայորդու երակներում հոսում է մեր սրբազան նախնիների սուրբ հիշատակը, հենց այդ գիտակցությամբ մենք այստեղ ապրել ենք, ապրում ենք և ապրելու ենք: Բացարձակ որևէ մտքով, աշխարհասփյուռ հայության մտքով չանցնի, որ արցախցին լքելու է իր հազարամյա բնակավայրը, իր հայրենիքը:
Նարեշտար բնակավայրը Գանձասարից բավականին հեռու է՝ ասում է 30 տարի այնտեղ ապրող Բորիկ Հակոբյանը և հավելում՝ ադրբեջանական կողմն առաջխաղացումը փորձում է հիմնավորել խորհրդային տարիների քարտեզով:
Բորիկ Հակոբյան (Արցախի Վանք համայնքի բնակիչ) — Առանձնակի ոչ մի բան չկա, այնտեղ խուճապ չկա, այնտեղ ամեն մարդ իր դիրքում կանգնած է:
Պաշտպանության բանակը հաղորդել է՝ իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել՝ կայուն լարվածությունը պահպանվում է: Ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքի հետևանքով պաշտպանության բանակն ունի մեկ վիրավոր, որի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հանրապետության ղեկավարությունը, ՊԲ հրամանատարության ու ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ քայլեր են ձեռնարկում լարվածության լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու համար: