Արցախի Դահրավ գյուղում 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները
Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը երեկ երեկոյան Դահրավ գյուղում մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրի բնակարանամուտի արարողությանը, որի շրջանակներում տեղահանված 6 ընտանիք ստացել է նորակառույց բնակարանների բանալիները: Այդ մասին ասված է Արտակ Բեգլարյանի Ֆեյսբուքի էջում։
«Բնակարանային կարիքները արցախցիների հումանիտար խնդիրների շարքում բավականին սուր են արտահայտված, և այսօր շատ սպասված էր ևս 6 ընտանիքի ամուր ծածկով ապահովելու իրողությունը: Համոզված եմ, որ այս նորակառույց բնակարանների կողքին բարձրանալու են նորերը, և «100 տուն Արցախում» ծրագիրը ամրացնելու է հայկական Արցախի ներկան ու երկարաժամկետ ապագան: Այս ծրագիրը գործնական ու խորհրդանշական միջոց է Արցախի ապագային միտված հայության ջանքերի համատեղման համար, և կառավարությունը պատրաստ է շարունակել կանգնել նման նախաձեռնությունների կողքին:
Անձնապես շնորհավորել եմ բոլոր ընտանիքներին, և շնորհակալություն հայտնել ծրագրի նախաձեռնող խմբին՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանն ու «Ապրելու Արցախ» հիմնադրամին, բոլոր նվիրատուներին ու աջակիցներին: Նշված 6 տները կառուցվել են Արցախի կառավարության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համաֆինանսավորմամբ, որոնցից յուրաքանչյուրի նվիրատուներն են եղել Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Երևանի պետական համալսարանը, «Երեմյան պրոջեքթս», «Արմսվիսբանկ» և «Դիջիթեյն» ընկերությունները»,- նշված է գրառման մեջ: