Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են Ելենովկայի կալանավայրի հրթիռակոծման համար
Դոնեցկի շրջանի Ելենովկա գյուղի կալանավայրը, որտեղ պահվում էին ուկրաինացի ռազմագերիները, այդ թվում՝ Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում գտնվող զինվորականները, հրթիռակոծել է ռուսական կողմը, կա ավելի քան 50 զոհ՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տեղեկացված է: Բոլորը պետք է իմանան՝ իրականում ինչ է տեղի ունեցել»,- վստահեցրել է Ուկրաինայի նախագահը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը գնդակոծության համար մեղադրել է ուկրաինական կողմին:
«Ելենովկայի կալանավայրը խոցվել է ամերիկյան HIMARS հրթիռային համակարգից։ Զոհվել է 40 ուկրաինացի ռազմագերի, 75 հոգի վիրավորվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Գերատեսչությունից հայտնում են նաև, որ կատարվածի հանգամանքները պարզվում են: