Ուրսուլա ֆոն դեր Լայենը գազի մատակարար ընտրելով Ադրբեջանին՝ թուլացնում է ԵՄ-ն. Le Monde
Ֆրանսիական Le Monde պարբերականը հրապարակել է 50 ընտրված պաշտոնյաների հոդվածը, որն անդրադարձել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությանը՝ ԵՄ-ի համար ադրբեջանականով փոխարինել ռուսական գազը:
«Քիչ է ասել, որ մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով ադրբեջանական գազի ներկրումը կրկնապատկելու վերաբերյալ նոր համաձայնագրի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարությունը սարսափեցնում է բոլորին, ովքեր գիտեն, թե ինչպես է բռնապետությունն Ադրբեջանում օգտագործում գազի վաճառքից ստացված եկամուտները: Դրանք ավելի քան 30 տարի աջակցում են ռեժիմը ղեկավարող միևնույն կլանին, որը ոչ միայն խախտում է մարդու իրավունքները, այլև ֆինանսավորում է զենքի գնումը, որով ոչնչացնում են հայերին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի Հանրապետությունում»։
Հեղինակները հիշեցրել են, որ Ադրբեջանը և Թուրքիան Արցախի դեմ 44-օրյա պատերազմում ներգրավել են ջիհադիստ ահաբեկիչների, որոնց մասին բարձրաձայնել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ինչպես նաև կիրառել արգելված զինատեսակներ, ինչպիսին, օրինակ՝ ֆոսֆորային ռումբերն են:
Հոդվածագիրները նաև կարծիք են հայտնել, թե Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրենց նկարտումները քողարկել Հայաստանի հետ խաղաղություն հաստատելու գործընթացներում: Պաշտոնյաները նաև հիշեցրել են, որ Իլհամ Ալիևը նկրտումներ ունի Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ՝ Սյունիք, Սևանա լիճ, անգամ՝ Երևան: Նրանք նաև ընթերցողներին տեղեկացրել են, որ Անկարան և Բաքուն ցանկանում են Սյունիքի տարածքով «միջանցք ստանալ և կապել Թուրքիան և Ադրբեջանը»:
«Ուստի մենք կոչ ենք անում Եվրահանձնաժողովին հրաժարվել Ադրբեջանի հետ այս նախագծից, իսկ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև Եվրախորհրդարանին՝ ոչ մի դեպքում չվավերացնել այնպիսի համաձայնագիր, որը կհանգեցնի ռուսական գազից կախվածության փոխարինում ադրբեջանական գազով»,-եզրափակել են հոդվածի հեղինակները: