Պարի բաց դաս Ախալքալաքում 15.07.2022 Sona Tonakanian Ախալքալաք, Մշակույթ
Այսօր՝ հուլիսի 15-ին Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության «Զարթոնք» պարի խումբն անցկացրեց պարերի ուսուցման բաց դաս:
Դասին մասնակցում էին ինչպես Ախալքալաքի, այնպես էլ հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչներ:
Պարել կարող են բոլոր ցանկացողները, սա պարուսուցման լավ հնարավորություն է։ Անկախ տարիքից եւ նախասիրություններից, բոլորը այսուհետ յուրաքանչյուր ուրբաթ կարող են այցելել Սուրբ Խաչ եկեղեցու բակ եւ պարել հայկական ազգագրական պարեր։
«Մենք որոշել ենք շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ հայտարարել պարի օր։ Բոլորս հավաքվելու ենք և պարելու ենք մեր հայկական ազգագրակամ պարերը, բոլոր նրանք ովքեր ցանկություն ունեն նույնպես կարող են միանալ մեզ»,֊ իր խոսքում նշեց պարուսույց Նասլեթ Քեյանը։
Նշենք, որ այսօրվա բաց դասին մասնակցեց մոտ 100 երիտասարդ Ջավախքցի, կազմակերպիչներն հույս են հայտնում, որ այս թիվը գնալով աճելու է։