Հայաստանում է Վրաստանի կրթության և գիտության նախարարը

Պաշտոնական այցով Հայաստանում է Վրաստանի փոխվարչապետ, կրթության և գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավայի գլխավորած պատվիրակությունը:

Ըստ Հայաստանի կրթության և գիտության նախարարության, այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպում է ունեցել Հայաստանի կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և նախարարի տեղակալների հետ, որի ընթացքում քննարկվել են կրթության և գիտության ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացման ուղիները:

Նախարարներն ընդգծել են, որ երկու երկրների գիտակրթական համակարգերում առկա են միևնույն մարտահրավերները, որոնց պետք է լուծումներ գտնել համատեղ ջանքերով և տարածաշրջանային ծրագրերով:

Հայաստանի և Վրաստանի կրթության և գիտության նախարարները հուշագիր են ստորագրել։

«Մեր երկու երկրները նույն կրթական բարեփոխումների փուլում են՝ միաժամանակյա և միաձև հիմնախնդիրներով, և իսկապես համագործակցության մեծ հնարավորություն կա ոչ միայն երկկողմ, այլ նաև Հայաստան-Վրաստան դեպի Եվրոպա ուղղությամբ», — նշել է նախարարը՝ ընդգծելով, որ ստորագրված փաստաթուղթը շատ կարևոր է այն իմաստով, որ այն ոչ միայն մտադրությունների հուշագիր է, այլ նաև ունի հստակ առաջադրանք աշխատանքային խմբեր ձևավորելու վերաբերյալ, որի արդյունքում ընդամենը մի քանի ամսից անցում կարվի գործնական աշխատանքի:

«Իմ աշխատանքային առաջին այցերից մեկը հենց եղել է Ախալքալաքում հայ մանկավարժների հետ հանդիպումը: Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն փաստը, որ մեր երկու երկրների համագործակցությունը լավագույն մակարդակում է վերջին տասնամյակում, իսկ այս պահին, կարծում եմ, այն ամենաբարձրն է: Մենք ունենք ընդհանուր խնդիրներ, նպատակներ և մոտեցումներ, որի արդյունքում մի շարք հստակ քայլեր են ձեռնարկվելու տարբեր ուղղություններով մոտակա մի քանի ամսում: Առաջին ուղղությունը լինելու է հայկական դպրոցների որակի բարելավումը և հայոց լեզվի դասավանդման ծրագիրը: Հետևաբար մեր առաջին երկկողմանի համագործակցությունը հենց այս ուղղությամբ է լինելու: Այստեղ շատ կարևոր է երիտասարդ ուսուցիչների վերապատրաստումը, որպեսզի վերջիններս պատրաստ լինեն նորովի մտնել դպրոցներ և կատարել մեծ փոփոխություններ: Մենք նախատեսում ենք որոշակի համատեղ գործընթացներ նաև բարձրագույն կրթության ոլորտում և հավատում ենք, որ կկարողանանք այդ ամենն իրականացնել միջազգային մակարդակով», — նշել է Վրաստանի ԿԳ նախարարը՝ ընդգծելով, որ ձևավորվող աշխատանքային խմբերի գործունեության առաջին արդյունքը մինչև տարեվերջ տեսանելի կլինի:

Նախարարությունը նշում է, որ համաձայն հուշագրի` կողմերը պարտավորվում են զարգացնել անմիջական համագործակցություն երկու երկրների բարձրագույն կրթական, գիտական և հետազոտական հաստատությունների միջև, խթանել կրթական համակարգերի կառուցվածքի, բովանադակության և կազմակերպման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը՝ համագործակցությունը բարելավելու նպատակով:

Ըստ համաձայնագրի, կողմերը հանրակրթության, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, գիտության և հետազոտության ոլորտներում կստեղծեն աշխատանքային խմբեր: Նախատեսվում է փոխադարձ հիմունքներով տրամադրել բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական աստիճանի առավելագույնը 10 կրթաթոշակ:

Վրացական կողմը պարտավորվում է Հայաստանի քաղաքացիներին ազատել Վրաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե այն չի գերազանցում 2250 վրացական դրամական միավոր: Հայկական կողմը պարտավորվում է Վրաստանի քաղաքացիներին ազատել Հայաստանի պետական բարձրագույն կրթական հաստատություններում ուսման վճարից, եթե վերջինս չի գերազանցում 1 միլիոն դրամը:

Երկու կողմերից առաջադրված ուսանողները պարտավորվում են հավաստել դասավանդման լեզուների որոշակի մասնագիտացման մակարդակ (անգլերեն և ռուսերեն), հակառակ դեպքում` ուսանողները պարտավորվում են հանձնել որոշ ներքին քննություններ՝ կազմակերպված տվյալ բարձրագույն կրթական հաստատության կողմից: