Ռուսաստանում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ 20.06.2022 . Միջազգային
ՌԴ ԱԳՆ-ը Մոսկվայում Լիտվայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել դիվանագիտական վարչություն և բողոք է ներկայացրել Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ մի շարք ապրանքների տարանցման արգելքի կապակցությամբ, հայտնում է ТАСС -ը։
Ռուսաստանը Լիտվայից պահանջում է հանել տարանցման արգելքը, հակառակ դեպքում Մոսկվան իրեն իրավունք է վերապահում դիմել պատասխան գործողությունների:
«Կալինինգրադի մարզ տարանցումը սահմանափակելու Լիտվայի որոշումն աննախադեպ է և անօրինական։ Ռուսաստանի իշխանությունները մի քանի օրվա ընթացքում լուրջ վերլուծություն կանցկացնեն և դրա արդյունքների հիման վրա կընտրեն պատասխան միջոցներ»,- երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կալինինգրադի մարզի նահանգապետ Անտոն Ալիխանովը, Լիտվայի երկաթուղիները տեղեկացրել են մարզի երկաթուղիներին, որ հունիսի 18-ից եվրոպական պատժամիջոցների պատճառով սահմանափակում են մի շարք ապրանքների տարանցումը Ռուսաստանի մարզերից տարածաշրջան։
Իր հերթին, Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Լյուքսեմբուրգում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ ասել է, որ Լիտվայի տարածքով Կալինինգրադի մարզ ապրանքների փոխադրման արգելքը մտցվել է Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցություններից և նրա առաջարկություններից հետո։