ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև տարաձայնություն կա՝ կապված հակամարտության նպատակների հետ. NYT
The New York Times-ը կարծում է, որ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ուկրաինայի միջև տարաձայնություն է առաջացել այն հարցում, թե ինչ նպատակներ են նրանք հետապնդում ուկրաինական հակամարտությունում, և ինչ զիջումների է պատրաստ Կիևը՝ դրան վերջ տալու համար։
«Երեք ամիս ակնհայտ միասնությունից հետո կարծիքների պառակտում է սկսվել հետագա անելիքների վերաբերյալ»,- ասվում է պարբերականի կայքում հրապարակված հոդվածում: Թերթն ուշադրություն է հրավիրում ստեղծված իրավիճակի վրա, «երբ ԱՄՆ-ը Ռուսաստանն անվանում է վտարանդի երկիր, որը պետք է դուրս մղվի համաշխարհային տնտեսությունից, մյուսները, հիմնականում Եվրոպայում, զգուշացնում են նման մոտեցման վտանգներից»։
«ՆԱՏՕ-ի և Եվրամիության ապշեցուցիչ միասնությունը վերջերս «ենթարկվում է ճնշումների»,- նշում է The New York Times-ը՝ վկայակոչելով եվրոպական մի շարք երկրների, այդ թվում՝ Հունգարիային, որոնք հրաժարվում են էմբարգո կիրառել ռուսական նավթի մատակարարումների վրա: «Բացի դրանից՝ եվրոպացիները չեն էլ փորձում, համենայնդեպս առայժմ, դադարեցնել ռուսական գազի ներկրումը»,- նշում է թերթը։ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան նաև «անհանգստացած են հակամարտության հնարավոր երկարաձգմամբ» և վախենում են «սեփական տնտեսություններին սպասվող վնասներից»՝ Ռուսաստանին համարելով «անխուսափելի հարևան, որը չի կարող ընդմիշտ մեկուսացվել»։
Պառակտումը պարզ դարձավ Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, որտեղ Հենրի Քիսինջերը՝ 99-ամյա ԱՄՆ նախկին պետքարտուղարը, ենթադրեց, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, պետք է տարածքային զիջումների գնա՝ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում:
Պարբերականը հիշեցնում է Զելենսկու՝ ավելի վաղ արված հայտարարությունները, որոնց համաձայն՝ Կիևը մտադիր է ռուսական զորքերը հետ մղել այս տարվա փետրվարի 23-ի դրությամբ գոյություն ունեցած շփման գիծ։ «Սակայն որոշ եվրոպացի պաշտոնյաներ ու ռազմական փորձագետներ հավակնոտ են համարում այդ նպատակները,- նշում է The New York Times-ը:- Շատ փորձագետներ էլ մտավախություն ունեն, որ դա Ուկրաինայի հնարավորություններից վեր է»: