Վաղվա Հայաստանը
«Կեցցե այն Հայաստանը որ վաղն է գալու». Ազգային հերոս Մովսես Գորգիսյան
Ընդամենը 100 տարի առաջ մեր հայրենապաշտ հայրերը երազում էին փշրել ժողովրդի միջից դարերով ոսկրացած հպատակության հոգեբանությունը եւ նոր հայի տեսակով կերտել ազատ, անկախ ու պատմական սահմանները վերականգնած Հայաստան: 1918թ. վերջապես նրանց երազանքը մասամբ իրականություն դարձավ եւ մենք ունեցանք անկախ հայրենիքի փոքրիկ հողակտոր, որը մեծ հույս ու եռանդ ներշնչեց ամբողջ հայ ժողովրդին ապագա պայքարի համար:
Սակայն այդ անցած 100 տարիների մեջ մենք տեսանք նաեւ սովետական Հայաստան, որը բռնի կերպով մտավ մեր նորանկախ իրականության մեջ եւ ունեցավ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետեւանքներ:
Բացասականը այն էր, որ բազմաթիվ ազգանվեր հայորդիներ այդ օրերին բանտերում հայտնվեցին ու նահատակվեցին հանուն իրենց ազգային ու կուսակցական գաղափարների: Նոր անկախացած ու մասնատված Հայաստանը կրկին մասնատվեց իր թշնամիների միջեւ: Այդ անտանելի բացասական երեւույթների մեջ ունեցանք նաեւ դրական երեւույթներ, երբ շնորհիվ մեր ժողովրդի աշխատասիրության ու ինտելեկտի կառուցեցինք երկիր եւ տվինք քանակական աճ ամբողջ տարածաշրջանում:
20-րդ դարի վերջին վերանկախացող Հայաստանը շնորհիվ իր սուրբ որդիների նվիրվածության ու հերոսական սխրանքների, մեծ կորուստների գնով կարողացավ վերացնել սովետական իշխանությունների անարդար վարչական բաժանումների մի մասը եւ Արցախը միավորվեց մայր հայրենիքի հետ: Սակայն հայ ժողովրդի համար օրակարգում է նաեւ Կարսի, Նախիջեւանի, Արեւմտյան Հայաստանի միավորման հարցը, որը միակ ճանապարհն է ազգի գոյատեւման ու բարգավաճման համար: Ներկա պայմաններում այդ երազանքի իրականացումը դառնում է ուղղակի անհնարին այսօրվա աննախադեպ հայաթափման պայմաններում, որը իրականում ավելի վտանգավոր է, քան սովետական իշխանության տված վնասը:
Հայաթափվել է ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ Արցախը ու Ջավախքը, ինչը ուղղակի մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի անվտանգության համար: Ցավոք գնալով այդ հարցը ավելի է սաստկանում: Այսօրվա իրականությունից ելնելով մեր ժողովուրդը ստիպված է ոչ թե մտածել հայահավաքի ու հողահավաքի մասին, այլ պահպանելու այն ինչ ձեռք է բերվել մեծ կորուստների գնով:
Քառորդ դարերի ընթացքում աղքատության ու հայաթափման պայմաններում մեր երկիրը ոչ մի էական առաջընթաց չի գրանցել: Արդյունքում մենք ստացել ենք վտանգված ապագայով երկիր, որը ունի մեծ տնտեսական դժվարություններ ու աճող անարդարություն: Ոմանց համար հայրենասիրությունը չափվում է ավելի շատ փող հափշտակելու գաղափարի հետ, իսկ հաջորդների համար փող հափշտակողների դիմաց ծաղրածու հայրենասերներ խաղալու գործով: Ցավոք կաշառակերությունը խեղդում է մեր հայրենիքը, երկիրը բաժանելով հարուստների ու աղքատների միջեւ, ուր միջին խավ գրեթե գոյություն չունի:
Արդյոք այս ռազմականացված տարածաշրջանում մենք հայերս ունենք նման շռայլության իրավունք: Ինչու՞ ենք միացրել ինքնաքայքայման գործընթացը մեր հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ:
Հիմա կարելի է ասել, որ մեր ժողովուրդը ենթագիտակցաբար մղում է իր անտեսանելի Ավարայրի ու Սարդարապատի ճակատամարտը, հանուն գոյատեւման ու տեսակի պահպանման, համոզված լինելով, որ այսօրվա խավարին հետեւելու է նոր կյանքով լի լուսաբաց, որը գալու է Հայաստանի ու սփյուռքի մտավոր զարգացած ու ամուր երիտասարդության կողմից: Երկիրը վերջապես մաքրվելու է կաշառակերության ախտից: Վերականգնելու է տնտեսությունը: Ու փուլ առ փուլ մենք դառնալու ենք ավելի ուժեղ ու անկախ Հայաստան:
Հայաստանի հարեւան Վրաստանը արդեն վաղուց բռնել է այդ ուղին ու երկիրը մաքրել կաշառակերներից ու հանցագործներից: Երկրի ներսում իրականացրել հսկայական բարեփոխումներ: Եւ դա ոչ միայն երկրի արեւմտյան արժեհամակարգից է գալից, այլ նաեւ սեփական կամքի առկայությունից: Սխալ է կապել ձեռքբերումները տարածքները ազատագրելու կամ հանձնելու հետ: Դա միանշանակ սխալ է ու կապ չունի ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու կամքի առկայության հետ:
Այս պարագայում մեր անհաջողությունների մեջ ոչ Ռուսաստանն է մեղավոր եւ ոչ էլ ԱՄՆ ու Եվրոպան, այլ նախ մենք ինքներս: Երկրի արտաքին կողմնորոշումը իհարկե մեծ դեր է խաղում այս պարագայում, սակայն ոչ վճռորոշ: Սովորենք վերջապես ինքներս մեզ մեղադրել եւ ոչ թե փնտրենք մեղավորներ ու պատճառներ: Եթե մեր դաշնակիցները վատ են պահում իրենց մեր նկատմամբ, ուրեմն նախ խնդիրը մեզանում է եւ հետո նոր դաշնակիցների մեջ:
Կտրուկ բարեփոխումներ իրականացնելու մեզ տրված ժամանակը մոտենում է ավարտին եւ պետք է արդեն այսօր ամբողջ ազգով սկսել իրականացնել այդ բարեփոխումները, որ վաղվա Հայաստանը դառնա տարածաշրջանի հզոր ու ազդեցիկ երկրներից մեկը: Արցախի տարածքները հանձնելու գաղափարը մեկընդմիշտ հանվի քաղաքական օրակարգից եւ Ջավախքում լուծում գտնեն բոլոր առկա խնդիրները, որոնց մասին մշտապես բարձրաձայնում է ջավախքահայությունը:
Համոզված ենք, որ վաղվա Հայաստանը դառնալու է անխոցելի սահմաններով հզոր տնտեսություն ու ռազմական արդյունաբերություն ունեցող երկիր: Մեր երկիրը դասվելու է բարձր տեխնոլոգիաներ ունեցող առաջատար երկրների շարքին: Բժշկությունը Հայաստանում թեւակոխելու է նոր զարգացման փուլ, երբ տարբեր երկրներից մարդիկ գալու են Հայաստան իրենց բուժումը գտնելու: Ժողովրդավարություն ու ազատ հասարակություն ունենալու հարցում մենք չենք զիջելու ոչ մի զարգացած երկրի:
Այդ ամենը հնարավոր է մեր ժողովրդի մտավոր ունակությունների ու նվիրվածության շնորհիվ: Ու տվյալ կետից սկսվելու է հայահավաքի ու հողահավաքի գործընթացը, երբ թշնամիները բոլոր ասպարեզներում զիջելու են մեզ իրենց այսօրվա ունեցած դիրքերը: Այդպիսի Հայաստանում մեկ սպանված զինվորի համար հակառակորդը վճարելու է տասնապատիկ ու երբեմն հայրուրապատիկ: Միայն այդ ժամանակ մենք կունենանք իրական անկախություն, որը մեր ժողովրդի ներքին ուժից է ծնվելու: Ինչքան արագ հասնենք այդ ամենին, այդքան շուտ ճանապարհ կբացենք դեպի մեր երազած Ազատ Անկախ ու Միավորված Հայաստանի կերտելու սուրբ գաղափարի իրականացմանը:
Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն