ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը կփորձարկվի Լեհաստանի Ռեձիկովոյի ռազմաբազայում

ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգը կփորձարկվի Լեհաստանի Ռեձիկովոյի ռազմաբազայում


Առաջիկա օրերին ԱՄՆ-ը կսկսի հակահրթիռային համակարգի փորձարկումը լեհական Ռեձիկովո գյուղական բնակավայրում տեղակայված ռազմաբազայում՝ գրում է լեհական Rzeczpospolita պարբերականը։

Թերթի տվյալներով՝ Լեհաստանում գաղտնի բազայի կառուցումն ԱՄՆ-ին արժեցել է 850 մլն դոլար։ Առաջին փորձարկումները տեղի կունենան մոտ ապագայում։

ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության տնօրեն Ջոն Հիլը հայտնել է, որ բազայում տեղադրված են բոլոր անհրաժեշտ սարքավորումները, կա փորձարկման հստակ ծրագիր և ժամանակացույց։

Լեհաստանի ռազմաբազայի շինարարությունը պետք է ավարտվեր մի քանի տարի առաջ, սակայն ԱՄՆ պաշտպանության նախարարության և կապալառուի տարաձայնությունների պատճառով այն հետաձգվեց։

Պենտագոնը հայտնում է, որ ռազմաբազան դառնալով գլոբալ հակահրթիռային պաշտպանության վահանի մաս՝ Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին պաշտպանելու է Ասիայից ու Մերձավոր Արևելքից իրականացվող հրթիռային հարձակումներից: