Արցախահայությունը ճակատագրական ժամանակներ է ապրում. Արայիկ Հարությունյանն այցելել է Մայր Աթոռ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Երկրի ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ մշտապես Արցախին սատար կանգնելու համար՝ ընդգծելով, որ հերթական անգամ հայ ժողովուրդը, հատկապես՝ արցախահայությունը ճակատագրական ժամանակներ է ապրում, և Կաթողիկոսի ու հոգևոր դասի աղոթքներն ու ջանքերը շատ կարևոր են առկա փորձությունները հաղթահարելու համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Արցախի նախագահին ու ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր ու պատասխանատու ժամանակահատվածում առկա բոլոր դժվարություններն ու փորձությունները կդիմագրավվեն համազգային միասնականությամբ ու մեր ժողովրդին հատուկ արիության և տոկունության ոգով։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, 44-օրյա պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերին և անվտանգության խնդիրներին։ Երկուստեք մտահոգություն են արտահայտել Ադրբեջանի կողմից շարունակվող սադրիչ գործողությունների և հայատյաց քաղաքականության կապակցությամբ։

Նորին Սրբությունը և Արցախի նախագահը կարևորել են բարեկամ երկրների և միջազգային հանրության զորակցությունն Արցախի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության գործում՝ անհրաժեշտ համարելով նաև աշխարհասփյուռ հայության հետևողական աջակցությունը՝ ի նպաստ Արցախի զորացման և ապահով ու անվտանգ կյանքի կերտման։

Զրույցի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի թեմի գործունեությանը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային պատմական ժառանգության պահպանության խնդիրներին։