Վրաց-Ճապոնական բարեկամության արտահայտումն Ախալքալաքում

Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրայի այցն Ախալքալաք  ավարտվեց  ծրագրի շնորհանդեսով, որը ֆինանսավորվել է Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից։

«Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբատար մեքենաների տրամադրման ծրագրով» Ախալքալաքում գնվել են երկու խոշոր աղբատար մեքենա։ Ըստ նախագծի, որի արժեքը 56 000 ԱՄՆ Դոլար է, պետք է մունիցիպալիտետի 9 գյուղերում լուծվի աղբահանության հարցը։ Այս ծրագիրն իրականացվել է  Վրաստանում Ճապոնիայի դեսպանատան GGP (Grassroots Human Security Grant Program) դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը,  Սամցխե Ջավախքի նահնագապետարանի տարածաշրջանային ծրագրերի ղեկավար Գիորգի Միքելաձեն, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետարանի եւ շրջանային ժողովի այլ աշխատակիցներ։

Քաղաքապետ Մելքոն Մակարյանը նշում է. «Այս ծրագիրը մեր համագործակցության առաջին հաջող փորձն է, վստահ եմ ապագայում եւս նոր համագործակցություն կունենանք Ճապոնիայի դեսպանատան հետ»։
Վրաստանի Խորհրդարանի Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Սամվել Մանուկյանը եւս կարևորում է նախագիծը եւ բարեկամական հարաբերությունների շարունակականությունը։

«Շատ ուրախ ենք եւ շնորհակալ պարոն դեսպանին, որ այսօր այս հաջողված ծրագիրն ունենք։  Շրջակա միջավայրի մաքրությունը ոչ միայն մեր, այլ ամբողջ մոլորակի համար առաջնային է»,֊ նշեց պատգամավոր Սամվել Մանուկյանը։

Ճապոնիայի դեսպանը ընդգծեց, որ այս տարի  վրաց֊ճապոնական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյա հոբելյանն է եւ այդ բարեկամությունը գնալով ավելի է ամրապնդվում։

«Ուրախ էի հյուրընկալվել Ախալքալաք, այստեղ շատ հանդիպումներ ունեցա, ինձ համար հետաքրքիր շատ բաներ բացահայտեցի։ Տպավորիչ այցեր ունեցա եկեղեցի եւ թանգարան։ Կարծում եմ մեր հանդիպումները ավելի կամրապնդեն բարեկամությունը մեր ժողովուրդների միջեւ»,֊ նշեց Վրաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իմամուրա Ակիրան։

Միջոցառման վերջում աղբատար մեքենայի բանալին դեսպանն հանձնեց Ախալքալաքի քաղաքապետին, ով անձամբ առաջինը փորձարկեց մեքենան։

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Վրաց-Ճապոնական բարեկամության արտահայտումն Ախալքալաքում — 28.04.2022 Ախալքալաքի գավառագիտական թանգարանը եւ Ապագայի տունը հյուրընկալեցին դեսպան Ակիրային — 28.04.2022 Դեսպան Ակիրան Ախալքալաքում այցելեց հայ առաքելական եւ վրաց ուղղափառ եկեղեցիներ — 28.04.2022