Ջահերով երթ Ախալքալաքում

Այսօր՝ Ապրիլի 23֊ին Ախալքալաքի երիտասարդներն անցկացրին պահանջատիրական ջահերթ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի։

Ավանդական դարձած ջահերով երթը մեկնարկեց Ախալքալաքի բերդի տարածքից։ Ախալքալաքի երիտասարդական կրթամշակութային կենտրոնի սաները եւ «Զորի Զորյան» պատանեկան միության սաները Հայաստանի եւ Վրաստանի պետական դրոշներով, Ցեղասպանության հատուցում ու դատապարտում պահանջող ցուցապաստառներով, պահանջատիրական կոչերով ու մարտական ոգին բարձրացնող երաժշտությամբ համաքաղաքացիներին ջահերթին միացման կոչ արեցին։ Այնուհետեւ  ջահակիր երիտասարդությունը կոչերով շարժվեց դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակ՝ Հայոց Ցեղասպանության զոհերի անմար հիշատակն անմահացնող խաչքարի մոտ։ Վրաստանի կառավարությանն ուղղված ուղերձով հանդես եկան պատանեկան միության երիտասարդները։ Ուղերձում մասնավորապես կոչ էր արվում Վրաստանի խորհրդարանին ընդունել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ։

«Որպես հայ երիտասարդ իմ պահանջատեր լինելը նաև արտահայտվում է այս երթով, մեր պահանջն արդար է եւ միշտ պայքարելու ենք հանուն արդարության հաստատման, վերջապես Թուրքիան պիտի ընդունի եւ հաստատի մեկ դար առաջ տեղի ունեցած ոճրագործությունը, Վրաստանը եւս պետք է քայլ անի հանուն արդարության»,֊ մեզ հետ զրույցում նշում է ջահերթի մասնակից Հենրի Էլիզբարյանը։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում խոսքով հանդես եկավ նաև Ջավախքի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Նշան վարդապետ Հմայակյանը։ Իսկ վերջում երիտասրադների նախաձեռնությամբ ջահերով երթի մասնակիցները Սուրբ Խաչ եկեղեցու բակում միասնական պարեցին ազգագրական֊ռազմական պարեր։

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ջահերով երթ Ախալքալաքում — 23.04.2022 Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում ԱԵԿ֊ում — 23.04.2022 Ախալքալաքի քաղաքապետը վստահեցնում է. Բուռնաշեթ գյուղի կամրջի խնդիրն առաջիկայում կլուծվի — 22.04.2022