Պուտինն ու Միշելը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ու ԼՂ հիմնախնդիրը


Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որի ընթացքում քննարկվել է իրադրությունը Հարավային Կովկասում և Ուկրաինայում:

Եվրախորհրդի նախագահը ներկայացրել է Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Փաշինյանի ու Ալիևի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպումը և նշել Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի ցանկությունը՝ արագացնելու երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը։

Պուտինն էլ հայտարարել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման նախագծերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի մշակման հարցերով բանակցությունների մեկնարկի մասին։

Ռուսաստանի նախագահն ու Եվրոպական խորհրդի ղեկավարը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը՝ վերահաստատելով Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։

Հեռախոսազրույցի ժամանակ մանրամասն քննարկվել է Ուկրաինայում իրավիճակի զարգացումը՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի նախագահը ԵԽ նախագահին տեղեկացրել է, որ Ուկրաինայի իշխանությունները թույլ չեն տալիս «Ազովստալում» արգելափակվածներին՝ լքել ձեռնարկությունը։ Նա ներկայացրել է խաղաղ բնակչության պաշտպանությանն ուղղված Ռուսաստանի շարունակական քայլերը՝ ներառյալ մարդասիրական միջանցքների բացումը և լռության ռեժիմ հայտարարելը։

Պատասխանելով Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ հանդիպման Միշելի կոչին՝ Պուտինը նշել է, որ նման բանակցությունների հնարավորությունը կախված է միայն Մոսկվայի և Կիևի ներկայացուցիչների միջև շարունակական շփումների հստակ արդյունքներից։

Պուտինն իր զրուցակցի ուշադրությունը հրավիրել է նաև «ԵՄ ներկայացուցիչների անպատասխանատու հայտարարությունների վրա՝ Ուկրաինայում իրավիճակը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության, ինչպես նաև Ուկրաինայի անվտանգության ուժերի բազմաթիվ ռազմական հանցագործությունների անտեսման մասին»։