Մեր մարտավարությունն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ լուծում, որ արցախցին ապրի Արցախում. Փաշինյան


Կառավարության նիստի մեկնարկին, խոսելով Արցախի կարգավիճակի մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ պետք է գտնվի լուծում, որ արցախցին ապրի Արցախում:

«Կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ առումով մեր մարտավարությունը հետևյալն է՝ ապահովել այնպիսի իրավիճակ կամ այնպիսի լուծում, որ արցախցին ապրի Արցախում, և, ինչպես ասել եմ ապրիլի 14-ին խորհրդարանում իմ ունեցած ելույթում, ապրի այնպես, որ իրեն զգա, իրեն համարի ղարաբաղցի, արցախցի և հայ:

Լեռնային Ղարաբաղի խնդրի որևէ հանգուցալուծում կամ Լեռնային Ղարաբաղում հաստատված որևէ իրադրություն, որ այս պայմանները ոչ միայն չի ապահովելու, այլև չի երաշխավորելու, ընդունելի չէ մեզ համար և ընդունելի չի լինելու երբեք: Սա է հարցի առանցքը, հարգելի գործընկերներ, մնացածը, կներեք, բաժակաճառ է:

Եվ այն ուժերը, որոնք ուզում են, որ Հայաստանի կառավարությունը որդեգրի բաժակաճառեր, որոնց արդյունքում նոր պատերազմ է սանձազերծվելու, և Արցախը հայաթափվելու է, ահա նրանք հանձնել են, հանձնում են և ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունը: Բայց նաև կարող ենք վստահ լինել, որ մենք դա թույլ չենք տա անել: Հայաստանի ժողովուրդը թույլ չի տա դա անել: Նաև թույլ չենք տալու զանազան սադրիչ հայտարարություններ, որոնք մեզ խաղաղության օրակարգից շեղելու նպատակ ունեն:

Թույլ չենք տալու, որովհետև համոզված ենք, որ հենց խաղաղության օրակարգն է, որ ապահովելու է Հայաստանի Հանրապետության և Արցախի ապագան»,- ասաց Փաշինյանը: