Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդի հայտարարությունը

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդի հայտարարությունը

Օրեր առաջ Ախալքալաքի շրջանի Բուղաշեն գյուղում բարերարների միջոցով վերաբացվեց գյուղի արժանավոր զավակ, Խորհրդային Վրաստանի իրավապահ համակարգի օրինապաշտ ներկայացուցիչ, 1990 թվականից` Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության, այնուհետև նաև Արցախի ազատագրման գործում իր նշանակալի ներդրումն ունեցած հետախույզ Միքայել Ավագյանի կիսանդրին, որը բուռն արձագանք գտավ ինչպես Ադրբեջանի պետական ու հասարակական-քաղաքական, այնպես էլ Վրաստանի որոշ շրջանակների մոտ: Նշյալ շրջանակները, միահամուռ կերպով Միքայել Ավագյանին ներկայացնելով որպես «ահաբեկիչ», պահանջում են Վրաստանի իշխանություններից ապամոնտաժել հուշարձանը: Վրաց որոշ ընդդիմադիր շրջանակներ, տուրք տալով ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքներին, ձգտելով բորբոքել վրաց հասարակությանը և նրանց տրամադրել իշխանությունների դեմ, հայտարարում են, թե, իբր, Միքայել Ավագյանը հանդես է եկել ոչ միայն Արցախում և «ահաբեկել» ադրբեջանցիներին, այլև հանդիսացել է աբխազական պատերազմի մասնակից և պայքարել Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ: Վրաց որոշ ընդդիմադիր շրջանակների, նրանց թվում նաև ազգությամբ ադրբեջանցի գործիչների այս վարքագիծը հղի է ազգամիջյան բախումների վերաճման և Վրաստանում անկայունության ստեղծման վտանգով:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը, այս ամենը որակելով որպես

-Ադրբեջանի կողմից Վրաստանի ներքին գործերին միջամտելու ակնհայտ դրսևորում,

-Վրաստանի ընդդիմադիր շրջանակների և ազգությամբ ադրբեջանցի գործիչների և Ադրբեջանի պետական ու հասարակական-քաղաքական շրջանակների միահամուռ ջանքերով նախաձեռնված հակահայկական սադրանք,

-ակնհայտորեն Վրաստանի պետության և պետականության դեմ ուղղված գործողություններ,
-տարածաշրջանում հայկական գործոնի դուրսմղմանը և Վրաստանի` Ադրբեջանից քաղաքական ու տնտեսական հողի վրա կախյալ վիճակի խորացմանը ուղղված ծրագիր,

հայտարարում է.

-Միքայել Ավագյանը հանդիսացել է Խորհրդային Վրաստանի իրավապահ համակարգի ներկայացուցիչը Աբխազիայում մինչև 1990 թ., ով պաշտպանել և ներկայացրել է Վրաստանի պետական շահերը տվյալ Ինքնավար Հանրապետությունում: Այդ իմաստով Մ. Ավագյանի հիշատակը հարգանքի է արժանի ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև մեր պետության` Վրաստանի կողմից:
-Միքայել Ավագյանը, 1990 թ. տեղափոխվելով Հայաստանի Հանրապետություն, իր գործուն մասնակցությունն է ունեցել սկզբից ՀՀ սահմանների պաշտպանությանը, այնուհետև` արցախյան գոյապայքարին, Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանական բռնությունների դեմ, կատարել է հանձնարարականներ և զոհվել այդ գործողությունների ժամանակ` 1994 թ.:
-Միքայել Ավագյանը 1990-1994 թթ. գտնվելով ՀՀ-ում և Արցախում` որևէ կերպ չէր կարող մասնակցել վաց-աբխազական պատերազմին, և այդ մասին տարածված լուրերը վրաց ընդդիմադիրների ու ադրբեջանական քարոզչամեքենայի հիվանդ երևակայության արդյունք են,
-Վրաստանի` հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցների և հասարակական-քաղաքական շրջանակների հանրայնացրած տեղեկությունները սպասարկում են հարևան Ադրբեջանի շահերը և որևէ ընդհանուր աղերս չունեն իրականության հետ,
-Վրաստանի մայրաքաղաքում այս օրերին տեղի ունեցող գործողություններն իրենց ամբողջության մեջ ուղղված են Վրաստանի պետության և պետականության դեմ,
-գնահատելի են Վրաստանի իշխանությունների ջանքերը, որոնք ուղղված են հրահրված խնդիրը քաղաքակիրթ տարբերակով լուծելուն, ներքին և արտաքին սադրանքները չեզոքացնելուն:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը դատապարտում է Վրաստանի ներքին գործերին միջամտելու դրսևորումները, որոշների՝ քաղաքական նպատակներով երկիրը և տարածաշրջանը ապակայունացնելու փորձերը և այս ծանր օրերին իր զորակցությունն է հայտնում Վրաստանի իշխանություններին:

 

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի
հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդ
11.02.2019 թ.
ք. Ախալքալաք