Բաքուն անմիջապես արդարացրեց երեւանյան մի շարք շրջանակների սպասելիքները

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը արձագանքել է «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությանը, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հնչեցրեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ի իր ելույթի ընթացքում:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատուն հայտարարել է, թե Հայաստանն այդպիսով ցույց է տալիս, որ իրական նպատակը «օկուպացիան» է: Ըստ Բաքվի պաշտոնյայի, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջությունը, իսկ Մինսկի խմբի համանախագահները պետք է այսպես ասած գնահատական տան Հայաստանի այդ հայտարարություններին:
Ադրբեջանի արձագանքը ոչ միայն նորություն չէ, այլ նաեւ միանգամայն կանխատեսելի: Ավելի հետաքրքիր է այն, որ Բաքվի այդ արձագանքին գրեթե սինքրոն արձագանքներ կան Հայաստանում, հիմնականում նախկին իշխող համակարգից սերող: Դրանց հեղինակները շտապել էին հայտարարել որ Փաշինյանի հայտարարությունը Բաքուն կօգտագործի Հայաստանի դեմ:
Բաքուն արդարացնում է նրանց այդ սպասելիքը: Կա՞ արդյոք սպասելիքի փոխադարձ արդարացում, դժվար է ասել, սակայն Բաքվից այդօրինակ քննադատություն չլսելու համար Երեւանն ըստ երեւույթին պետք է խոսի տարածքներ հանձնելու պատրաստակամության, Աղդամը հայրենիք չլինելու, այդօրինակ այլ թեմաների մասին: Ադրբեջանն այդ դեպքում կծափահարի, թեեւ, 2016 թվականի ապրիլը ցույց տվեց, որ Ադրբեջանն այդ դեպքում ոչ թե ծափահարում է եւ Հայաստանին հայտնում երախտագիտություն, այլ գրոհում է Արցախի վրա:
Բայց, անգամ դրանից հետո, Երեւանի քաղաքական ուժն ու կամքը չբավականացրեց օգտագործել այն հնարավորությունը, որ ստեղծեց հայկական բանակը, կասեցնելով ադրբեջանական գրոհը՝ կասեցնելով անգամ իր վրա ներհայկական կոռուպցիայի տարիների գրոհի ծանր հետեւանքը կրելու պայմաններում:
Հայաստանի քաղաքական ուժն ու կամքը չբավականացրեց անգամ պատերազմին հաջորդած Վիեննայի օրակարգը պաշտպանելու հարցում: Պատճառը շատ պարզ էր՝ այն պաշտպանելու համար պետք էր լեգիտիմ իշխանություն, ինչը բացակայում էր: Իսկ Վիեննայի օրակարգը սառեցնելու հարցում Հայաստանի հակառակորդը լոկ Ադրբեջանը չէր: Այդ հակառակորդին ապրիլյանից հետո քաղաքական դաշտում անգամ ոչ լեգիտիմ իշխանությունը կհաղթեր: Հայաստանի մրցակիցը ռուսական տնտեսա-քաղաքական այն շրջանակներն էին, որոնք Վիեննայի օրակարգի պայմաններում կորցնում էին դիրքերը ոչ միայն ռեգիոնում, այլեւ Ռուսաստանում:
Այդ մրցակցին դիմակայելու ուժ Սերժ Սարգսյանը չուներ, որովհետեւ Հայաստանում չուներ հանրային ու ներիշխանական լեգիտիմություն, եւ քաղաքական թիմ, որը պատրաստ կլիներ ձեռքից ցած դնել լավ վարձատրվող սազն ու կրել ոչ լեգիտիմ իշխանության քաղաքական պատասխանատվության ծանրացող բեռը:
Հետեւանքն այն էր, որ Սերժ Սարգսյանը Վիեննայի օրակարգը սառեցնելու գնով պահեց իր իշխանությունը, հատկապես Վիեննային կարճ ժամանակ անց հաջորդած 2016-ի «տաք հուլիսի» պայմաններում: Դա Ադրբեջանին տվեց ապրիլյանից հետո քաղաքականապես ուշքի գալու հնարավորություն, մարդասպանության կամ պատերազմի իրավունքը վերականգնելու ակնկալիքով:
Ընդ որում, Ալիեւի հույսն այդ առումով այնքան առարկայական էր, որ նա առաջ տվեց անգամ 2018-ի հոկտեմբերին նախատեսված Ադրբեջանի նախագահի հերթական ընտրությունը եւ տեղափոխեց այն ապրիլ, պատրաստվելով թերեւս թեժ աշնան՝ երբ Ռուսաստանում Պուտինը կավարտեր ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Բայց Հայաստանը մատուցեց 2018-ի թեժ գարնան անակնկալը, ստանալով Արցախի հարցում պետական ու ազգային շահի առաջմղման, վերջին քառորդ դարի համար բացառիկ լեգիտիմ հնարավորություն, ինչի մի քանի պատմական դրվագ Հայաստանն արդեն մատուցել է, վերջինը՝ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում:
lragir.am