Առաջարկում ենք 13+3 համաձայնեցված դրույթները դնել սեղանին, ստորագրել հիմա և անցնել հետագա հարցերի քննարկմանը. Փաշինյան
Առաջարկում ենք 13+3 համաձայնեցված դրույթները դնել սեղանին, ստորագրել հիմա և անցնել հետագա հարցերի քննարկմանը. Փաշինյան
Սա իսկապես կարևոր պահ է մեր տարածաշրջանի համար, որպեսզի մենք վերցնենք այն, ինչ համաձայնեցված է: Համաձայնեցվածը, ինչպես արդեն Ադրբեջանի ներկայացուցիչներն են ընդունել, խաղաղության պայմանագրի հնարավոր բովանդակության, ըստ էության, 80 տոկոսն է, այսինքն՝ մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը միասին, ունենք ավելի քան հսկիչ փաթեթ խաղաղության պայմանագրի համար: Այս մասին այսօր «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք առաջարկում ենք 13+3 համաձայնեցված դրույթները դնել սեղանին, ստորագրել հիմա՝ որպես խաղաղության պայմանագիր և անցնել հետագա հարցերի քննարկմանը։
Հույս ունեմ՝ հեղինակավոր այս լսարանը կհամաձայնի, որ երբեք որևէ տեղ չի եղել որևէ պայմանագիր, որ հասցեագրի և լուծի բոլոր հարցերը։ Չկա այդպիսի պայմանագիր։ Եթե մենք, նույնիսկ, քննենք 20, 50, 100 հոդվածով, էլի լինելու են հնարավոր հոդվածներ, որոնք տվյալ պայմանագրում մնալու են չլուծված։
Չկան երկրներ, որոնց հարաբերությունները կարգավորվում են մեկ պայմանագրով, բայց շատ կարևոր է դնել այն հիմքը կամ չմերժել այն հիմքը, որը դրված է մեր մի քանի տարվա բանակցությունների արդյունքում:
Հույս ունեմ, որ առաջիկայում առիթ կունենանք ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված մասը, տեքստը և անցնել հետագա բանակցությունների՝ մնացած հնարավոր հարցերը լուծելու համար»,- խոսքը եզրափակեց Փաշինյանը: