COVID-19-ի դրական հետևանքները՝ ազգային փոքրամասնությունների համար-Armradio.am

Armradio.am- Վրաստանում Կորոնավիրուսը փոխեց իշխանության վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների լեզուների նկատմամբ։ Երկիրը, որը չէր վավերացնում տարածաշրջանային լեզուների վերաբերյալ եվրոպական խարտիան, այսօր, թեկուզ եւ մասամբ, կատարում է այդ խարտիայի պահաանջները։
Սամցխե–Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում հենց այս հանգամանքի վրա է հրավիրում հանրության ուշադրությունը։ Արդեն «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ եթե նախկինում Ջավախքի նահանգապետարանի ֆեյսբուքյան էջում գրառումները միայն վրացերենով էին, ապա հիմա` նաեւ հայերենով։
Իհարկե, հիմնականում վերջին ամիսների ամենահրատապ թեմայի՝ կորոնավիրուսի մասին։
«Վրաստանում մարտի կեսերից, երբ կորոնավիրուսային պանդեմիան արդեն թափ էր հավաքում, նկատեցինք, որ Սամցխե —Ջավախքի նահանգապետարանի պաշտոնական էջում հայերենով գրառումներ հայտնվեցին։ Դրանից հետո իշխանությունները սկսեցին նաև հեռախոսային հաղորդագրություններ ուղարկել՝ զգուշացնելով պարետային ժամի, սահմանափակումների մասին, որպեսզի մարդիկ չխախտեն օրենքը։ Դրան հաջորդեցին սոցիալական աջակցության ծրագրերի մասին իրազեկումները։ Շատ հաճելի է, որ Վրաստանի իշխանությունները հոգ են տանում իրենց հայ քաղաքացիների մասին։ Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին սկսեց անձամբ այցելել հայկական գյուղեր և թռուցիկներ բաժանել հայ բնակչությանը»,- ասաց Էդուարդ Այվազյանը։

Նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ հայկական գյուղեր այցելում են տարածաշրջանի հայկական բնակավայրերի ղեկավարները:
«Վարակի վերաբերյալ բոլոր պետական ծրագրերը թարգմանված են հայերեն։ Մենք ստացել են իրազեկման թերթիկներ, փակցրել ենք դրանք գյուղերում, բաժանել ենք բնակչությանը։ Մեր մեքենաները շրջում են գյուղերում, իրազեկում բնակչությանը անհրաժեշտ կանոնների մասին»,- նշեց Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մարանգոզյանը։
Կորոնավիրուսի մասին իրազեկման թերթիկներ ու հեռախոսային հաղորդագրություններ ստանում է նաև Մառնեուլի շրջանի հայ ազգաբնակչությունը։ Սկզբում՝ միայն վրացերենով ու ադրբեջաներենով, հիմա արդեն նաեւ հայերենով։
«Երբ հեռախոսիդ հաղորդագրություն է գալիս ադրբեջաներենով, բայց դու հայ ես․․․ հիմա ստանում ենք հաղորդագրություններ երեք լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն և վրացերեն: Գուցե ըստ հեռախոսահամարների դժվար է պարզել բաժանորդի էթնիկ պատկանելությունը, դրա համար եռալեզու են ուղարկում։ ՏԻՄ պաշտոնական մակարդակով հայտարարությունները նույնպես ստանում ենք եռալեզու»,- պատմում է Աննա Թանդարյանը։
Նա Մառնեուլի շրջանի հայաբնակ Աղքյորփի գյուղից է։ Մառնեուլի քաղաքապետի պաշտոնում Զաուր Դարգալիի ընտրվելուց հետո՝ մեկ տարի առաջ, նրա անձնական և քաղաքապետարանի էջերում գրառումները սկսեցին կատարել ոչ միայն վրացերենով, այլև ադրբեջաներենով։ Մասնագիտությամբ լրագրող մեր զրուցակիցը նշում է, որ բազմիցս բարձրացրել են հարցը․ Մառնեուլի շրջանում էթնիկ փոքրամասնություն են ոչ միայն ադրբեջանցիները։ Այժմ արդեն գրառումները եռալեզու են։
Սամցխե–Ջավախքի Մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը Վրաստանի իշխանությունների այս քայլը չափազանց կարևոր է համարում և հույս հայտնում, որ հաջողությամբ կիրառված փորձը շարունակական կլինի։ Էթնիկ խմբերի լեզուների մեջ պետությունն այլեւս վտանգ չի տեսնի, թույլ կտա ակտիվորեն այն օգտագործել տարբեր մակարդակներում եւ հատկապես տեղական մարմինների աշխատանքում՝ դրանով իսկ ապահովելով ուղիղ կապն իր քաղաքացիների հետ։

«Նախկինում նման քաղաքականություն չկար, երբեք նահանգապետարանի էջում չկային հայերեն գրառումներ, հայերենով հեռախոսային հաղորդագրություններ չէինք ստանում։ Դժվար է կանխատեսել, կշարունակվի այս պրակտիկան, թե` ոչ, բայց կարծում եմ, որ ճիշտ է շարունակելը։ Վրաստանի իշխանությունները, հասարակական հատվածը հաճախ բողոքում են, որ հայաբնակ շրջանները, չտիրապետելով վրացերենին, երրորդ երկրի տեղեկատվական ազդեցության տակ են հայտնվում (նկատի ունեն ռուսական լրատվամիջոցները), իսկ այս պրակտիկան շարունակելը այդ իմաստով մեկ քայլ առաջ կլինի»,- ասում է Այվազյանը։
Ազգային փոքրամասնություններն էլ իրենց հերթին ավելի հարգանքով ու վստահությամբ կմոտենան պետության բոլոր նախաձեռնություններին, ինչը թույլ կտա մարդուն զգալ Վրաստանի հպարտ քաղաքացի, շարունակում է Այվազյանը։
«Կարևոր նորությունների մասին ազգային փոքրամասնությունների լեզուներով իրազեկման այս փորձը մոտիվացնող էր, որպեսզի հետագայում բոլոր նորությունները, բոլոր դեպքերն ու որոշումները, որոնք կայացված կլինեն կառավարական մարմինների կողմից, մենք թարգմանենք հայերեն և տարածենք։ Կարծում եմ, որ բոլոր կարևոր լուրերը` հեռուստատեսությամբ, գործակալություններով կամ պետական մարմինների պաշտոնական էջերով կտարածվեն, տեղ կհասնեն գյուղական բնակչությանը»,— ասում է Սամցխե Ջավախքի նահանգապետի մամուլի խոսնակ Սալոմե Անտաձեն։
Շաբաթներ առաջ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջանները կտրվել էին արտաքին աշխարհից․ կոշտ կարանտինային միջոցներ էին սահմանվել, երբ 62-ամյա կնոջ մոտ կորոնավարակ էր հայտնաբերվել։ Սահմանափակումները հանվեցին մայիսի 18-ին, երբ վստահություն եղավ, որ տեղային տարածումը կանխված է․ այդ օրերին շրջանների բնակչությունը բողոքում էր, որ իրավապահները չափազանց խիստ են կարանտինային միջոցները խախտողների նկատմամբ։
Հայաշատ Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի դեպքեր գրեթե չկան, միայն մեկ երկուսը՝ Բորժոմիում։ Զրո հիվանդ հայերի շրջանում, ինչպես ասում է նահանգապետի առաջին խորհրդական Էդուարդ Աղասարյանը։ Բայց մարդիկ զգոնությունը չեն կորցնում, դիմակներն ու ձեռնոցները նրանց կյանքի անբաժան բաղկացուցիչն են։

«Դիմակները, ձեռնոցները պարտադիր են, զրո են դեպքերը, բայց միևնույն է՝ մարդիկ պաշտպանվում են։ Վրաստանը իրոք կարողացավ շատ լավ աշխատել պանդեմիայի դեմ, դրա համար հիվանդներն էլ մահացողներն էլ քիչ են»,- ասում է Աղասարյանը։
Վրաստանում մայիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 723 է, վերջին մեկ օրում դեպքերն ավելացել են ընդամենը երկուսով։ Ընդհանուր առմամբ՝ մահացել է 12 մարդ։ Այսօրվանից մեր հարևան երկրում չեղարկվում է կարանտինն ու պարետային ժամը, բայց կորոնավիրուսի հետ համակեցության կանոնների պահպանումը կլինի պարտադիր՝ նաև առանց պետական պարտադրանքի։
Մառլենա Հովսեփյան