Նորություն չէ, որ վրացական բազմաթիվ լրատվամիջոցներ սնվում են ադրբեջանական փողերով. Էդուարդ Այվազյան
Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն` Էդուարդ Այվազյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ցուցադրված սադրիչ լուսանկարին, որտեղ հայերենով գրված է եղել «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման ադրբեջանական է» գրառումներին։
«Նորություն չէ, որ վրացական բազմաթիվ լրատվամիջոցներ (այդ թվում նաեւ իշխանական) սնվում են ադրբեջանական փողերով։ Ոչ միայն լրատվամիջոցներ այլ նաեւ որոշ քաղաքական կուսակցություններ ու քաղաքական գործիչների ուղիղ կապ ունեն ադրբեջանական փողերի հետ։ Այս հարցով իհարկե պետք է, որ զբաղվեին Վրաստանի հատուկ ծառայությունները, բայց բոլորս էլ գիտենք, որ նույնիսկ այդտեղ եղել են ու հավանաբար նույնիսկ հիմա էլ կան ադրբեջանական փողերով սնվող ու ադրբեջանի հրահանգները կատարող աշխատակիցներ։
Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերության արարքը ուղղակի սադրանք է երկրի հայ համայնքի նկատմամբ եւ սպառնալիք Վրաստանի ազգային անվտանգության համար, քանզի ազգամիջյան թշնամանք քարոզելու արդյունքները ողբերգական ավարտ կարող են ունենալ բոլոր կողմերի համար, ինչը մեր եղբայրական ժողովուրդների ու պետության շահերից հաստատ չի բխում։
Վերջում նման սադրանքը իրականացնողներին կուզենայի ասել, որ Արցախի հայկական լինելու փաստին ծանոթանալու համար կարող եք ընթերցել վրաց պատմագիրներին, որոնք անկասկած գրել են դրա մասին։»