Թրամփը չի բացառել իր երրորդ նախագահական ժամկետը

Թրամփը չի բացառել իր երրորդ նախագահական ժամկետը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ կարող է առաջադրվել նախագահի պաշտոնի երրորդ ժամկետի համար և հայտարարել է, որ դա «շատերն են ուզում», և «կան մեթոդներ», որոնք իրեն թույլ կտան դա անել։ Նա հավանական է համարել այն տարբերակը, որ ԱՄՆ ներկայիս փոխնախագահ Վենսը 2028 թվականին նախագահի ընտրությունում հաղթելու դեպքում պաշտոնը կփոխանցի իրեն։ «Բայց մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, և ես կենտրոնացած եմ պահի վրա»,- հավելել է նախագահը:

Համաձայն ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխության, որն ընդունվել է 1951 թվականին, ոչ ոք չի կարող նախագահի պաշտոնը զբաղեցնել երկու ժամկետից ավելի՝ կապ չունի դրանք անընդմեջ են, թե՝ ընդմիջումով։ Այն նաև նախատեսում է, որ փոխնախագահի պաշտոնում չի կարող ընտրվել այն անձը, որը չի կարող զբաղեցնել ԱՄՆ նախագահի պաշտոնը։ Թրամփի ներկայիս ժամկետը նախագահի պաշտոնում երկրորդն է։

Ընդ որում, Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ է Կոնգրեսի անդամների երկու երրորդի աջակցությունը կամ հատուկ համագումարի անցկացում, որը պետք է պահանջի առնվազն 34 նահանգ: Ներկայումս Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները զբաղեցնում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 435 տեղից 218-ը, իսկ Սենատում՝ 100 տեղից 53-ը: Հանրապետականները նահանգապետներ են ընտրվել 27 նահանգում։