ԱՄՆ-ն Գրենլանդիան չի ստանա. Գրենլանդիայի վարչապետ Նիլսեն

Գրենլանդիայի նորընտիր վարչապետ Ենս-Ֆրեդերիկ Նիլսենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի ստանա Գրենլանդիան: Դանիական ինքնավարության նորընտիր վարչապետն այդ հայտարարությունն արել ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների, որը վերջերս բազմիցս խոսել է արկտիկական կղզու նկատմամբ վերահսկողություն հաստատելու իր ցանկության մասին։
NBC News-ի հետ հարցազրույցում Դոնալդ Թրամփը կրկնել էր. «Մենք կստանանք Գրենլանդիան։ Այո, հարյուր տոկոս: Մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ-ն կղզին կգրավի «առանց ռազմական ուժի կիրառման»։
«Նախագահ Թրամփն ասում է, որ Միացյալ Նահանգները «կստանա Գրենլանդիան»: Թույլ տվեք հստակ ասել. Միացյալ Նահանգներն այն չի ստանա: Մենք ուրիշին չենք պատկանում: Մենք ինքներս ենք որոշում մեր ապագան»,- գրել է Նիլսենը ֆեյսբուքում:
Որպես կղզու առաջնորդ՝ վարչապետն իր առաջին մամուլի ասուլիսում քաղաքական միասնության կոչ է արել՝ արտաքին ճնշումների դեմ պայքարելու համար: