Պատերազմը պետք է շուտ ավարտվի․ Զելենսկին` Մակրոնի հետ հանդիպմանը

Պատերազմը պետք է շուտ ավարտվի․ Զելենսկին`  Մակրոնի հետ հանդիպմանը


Բրյուսելում կայացել է Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Էմանուել Մակրոնի հանդիպումը․ նրանք քննարկել են մարտի 11-ին նախատեսվող հանդիպումը՝ երկրների ռազմական ներկայացուցիչների մակարդակով։ Տելեգրամյան էջում Զելենսկին նշել է, որ հանդիպումը տեղի է ունեցել Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նիստի շրջանակում։

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ղեկավարին՝ Ուկրաինային աջակցության և ի պաշտպանություն ամբողջ Եվրոպայի՝ ավելի լուրջ քայլեր ձեռնարկելու հարցում հստակ, սկզբունքային դիրքորոշման համար։

«Քննարկել ենք հանդիպումը, որ տեղի կունենա մարտի 11-ին՝ երկրների ռազմական ներկայացուցիչների մակարդակով, որոնք պատրաստ են ավելի մեծ ջանքեր ներդնել այս պատերազմի ավարտից հետո անվտանգության ապահովման հարցում։ Համակարգվել են դիրքորոշումներն ու ապագա քայլերը։ Կա հստակ ընդհանուր համոզմունք, որ իրական և տևական խաղաղությունը հնարավոր է Ուկրաինայի, ամբողջ Եվրոպայի և Միացյալ Նահանգների փոխգործակցության շնորհիվ։ Պատերազմը պետք է ավարտվի հնարավորինս շուտ»,- ընդգծել է Զելենսկին։