Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում ռազմավարական թիրախների
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում պայթյուններ են եղել: Պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ չկան:
Հայտնի է, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Սիրիայում ռազմավարական թիրախներին, մասնավորապես՝ զենքի պահեստներին, Դամասկոսի մերձակայքում և այլ տարածքներում գտնվող օդանավակայանների։ ՑԱՀԱԼ-ը հայտնել է սիրիական հրթիռային պաշարների 90 տոկոսը ոչնչացնելու մասին:
Ավելի վաղ Բաշար Ալ Ասադի իշխանության տապալման ֆոնին Իսրայելական ուժերը նաև ներխուժել էին Սիրիա, գրավել Գոլանի բարձունքներին հարակից ռազմավարական տարածքներ: Ըստ իսրայելական կողմի՝ դրա նպատակը հրեական պետության անվտանգությունն ապահովելն է:
Սիրիայի ժամանակավոր կառավարությունը Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-i Անվտանգության խորհրդին՝ պահանջելով դադարեցնել հարձակումները Սիրիայի տարածքում: Ըստ Սիրիայի նոր իշխանության՝ «մինչ Արաբական Հանրապետությունը ձգտում է ազատության և հավասարության, Իսրայելը շարունակում է օկուպացիոն քաղաքականությունը»:
Անկարան Իսրայելի գործողությունները «վտանգավոր ռազմավարություն» է որակել, վստահեցրել՝ Թուրքիան կշարունակի աջակցել Սիրիային: Նախագահ Ռեջեփ Էրդողանը նաև հայտնել է, որ Թուրքիայի դեսպանատունը շուրջ 13 տարվա ընդմիջումից հետո վերսկսում է աշխատանքը Սիրիայում: