ՆԱՏՕ-ն պատասխան գրավոր առաջարկներ կուղարկի Ռուսաստանին

ՆԱՏՕ-ն պատասխան գրավոր առաջարկներ կուղարկի Ռուսաստանին

ՆԱՏՕ-ն շուտով գրավոր առաջարկներ կուղարկի Ռուսաստանին՝ ի պատասխան անվտանգության երաշխիքների Մոսկվայի պահանջի, և լուրջ բանակցություններ կառաջարկի սպառազինությունների վերահսկման ու թափանցիկության միջոցառումների վերաբերյալ, երեկ հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

Այս առաջարկություններում ՆԱՏՕ-ն սպառազինությունների վերահսկման, ռազմական գործողությունների ու հրթիռների տեղակայման թափանցիկության բարձրացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ լուրջ բանակցությունների պատրաստակամություն կհայտնի։

Ավելի վաղ Մոսկվան անվտանգության երաշխիքներ էր պահանջել Արևմուտքից, այդ թվում՝ հրաժարվել ՆԱՏՕ-ի ընդլայնումից դեպի արևելք և արգելել մասնավորապես Ուկրաինայի մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք:

Անցյալ շաբաթ Ռուսաստանի հետ բանակցություններ են անցկացրել ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն և ԵԱՀԿ-ը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ այս շաբաթ Կիև այցից հետո Ժնևում կհանդիպի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ՝ Ուկրաինայում լարվածության աճի ֆոնին:Վերջին ամիսներին Ռուսաստանը մոտ 100 հազար զինծառայող է տեղակայել Ուկրաինայի հետ իր սահմանների երկայնքով, ինչը կասկածներ է առաջացրել Արևմուտքի մոտ հարևան երկիր լայնամասշտաբ ներխուժում իրականացնելու Մոսկվայի մտադրությունների վերաբերյալ։ Ռուսաստանը այդ կասկածները բազմիցս հերքել է և փոխարենը դեկտեմբերին ներկայացրել է իր պահանջների ցուցակը։ Պահանջների թվում են երաշխիքներ առ այն, որ ՆԱՏՕ-ն այլևս չի ընդլայնվի դեպի արևելք և օրակարգից կհանի Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հարցը: Ավելին, Ռուսաստանը պահանջել է նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվի ՆԱՏՕ-ի 1997 թվականին գոյություն ունեցող սահմաններից դուրս ենթակառուցվածքային օբյեկտների ստեղծումից: