Թուրքիայի հետ ունենք դինամիկ, դրական երկխոսություն. Արարատ Միրզոյան
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ նաև հարևան Իրանի հետ հարաբերություններին, կարևորելով դրանք՝ նշեց, որ «Խաղաղության խաչմերուկի» տրամաբանությամբ հայկական կողմը քննարկում է և ապագայում զարգացումներ կլինեն նաև ԻԻՀ-ի հետ՝ դյուրինացնելու մեր տրանսպորտային անցումները երկու երկրների միջև:
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ նախարարը տեղեկացրեց, որ ունենք դինամիկ երկխոսություն:
«Թուրքիայի հետ կրկին ունենք դինամիկ երկխոսություն, դրական երկխոսություն։ Հիշեցնեմ, որ երկու երկրների փորձագետները, գերատեսչությունները աշխատանքներ էին տարել սահմանին գտնվող անցակետի ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ։ Հիմա այդ աշխատանքները տարվում են և տարվելու են Կարս-Գյումրի երկաթուղային անցման հետ կապված ենթակառուցվածքների գնահատման ուղղությամբ։
Մեր երկխոսությունը նախևառաջ նրա մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություն և ընդհանրապես կարգավորեն իրենց հարաբերությունները»,- ասաց Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները որոշակիորեն կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ։
«Մեր գնահատմամբ՝ սա այնքան էլ կառուցողական մոտեցում չի, և մենք մեր երկխոսությունը Թուրքիայի հետ ունենք առանց նախապայմանների, ունենք կոնկրետ պայմանավորվածություններ՝ սկզբում մասնակի բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։
Կան ավելի փոքրամասշտաբ համատեղ որոշ նախագծեր, օրինակ՝ Անիի մշակութային ժառանգության հետ կապված։ Ուզում եմ ասել, որ այստեղ էլ կա դինամիկ երկխոսություն։ Ուզում եմ կրկին լավատեսություն հայտնել այն մասին, որ մոտ ապագայում կունենանք այստեղ առաջընթաց»,- հավելեց Միրզոյանը։