Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել

Սևաստոպոլում արտակարգ դրություն է հայտարարվել



Երկուշաբթի Սևաստոպոլում և Ղրիմում սգո օր է հայտարարվել՝ ուկրաինական զինված ուժերի հրթիռակոծության հետևանքով զոհվածների հիշատակին։ Սևաստոպոլում նաև արտակարգ դրություն է մտցվել ուկրաինական հրետակոծության պատճառով։ Հրամանը կայացրել է քաղաքի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևը։ Նրա խոսքով՝ ուկրաինական զինված ուժերի կիրակնօրյա հրթիռային հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա։ Տուժել է 151 մարդ, 82-ը՝ հոսպիտալացվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական բանակն արձակել է հինգ ամերիկյան ATACMS հրթիռ։ Դրանցից չորսը խոցվել են, մեկը «շեղվել է իր հետագծից և պայթել, բեկորներն ընկել են մի քանի շրջանում, այդ թվում՝ Ուչկուևկայի լողափին, որտեղ շատ հանգստացողներ են եղել։
Գերատեսչությունում նշել են, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները «պատասխանատվություն են կրում խաղաղ բնակչության վրա կանխամտածված հրթիռային հարձակման համար»։
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Սևաստոպոլի վրա հարձակման հետ կապված ՌԴ-ում ԱՄՆ դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Լին Թրեյսիին կանչել են Ռուսաստանի արտգործնախարարություն: