Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել
Դերբենտում և Մախաչկալայում ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 20-ի: Նախնական տվյալով՝ նրանց թվում է անվտանգության 15 աշխատակից։ Ընդհանուր առմամբ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, տուժել է 44 մարդ, որից 37-ը՝ իրավապահ մարմինների աշխատակից։
Կիրակի երեկոյան Դաղստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր Դերբենտում սինագոգի և եկեղեցու, ինչպես նաև Մախաչկալայում ուղղափառ եկեղեցու և ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա հարձակումների մասին։ Այդ քաղաքներում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել, չեղյալ են հայտարարվել բոլոր ժամանցային միջոցառումները, հայտնում է Դաղստանի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը։