ԵՄ դատարանը տուգանել է Հունգարիային
		13.06.2024 . Միջազգային


Լյուքսեմբուրգում ԵՄ դատարանը Հունգարիային դատապարտել է 200 միլիոն եվրո տուգանքի, ինչպես նաև օրական մեկ միլիոն եվրո վճարման՝ միգրանտների ընդունման համաեվրոպական կանոնների խախտումների վերաբերյալ դատարանի նախկին որոշումները մերժելու պատճառով՝ ասված է կառույցի մամուլի հաղորդագրության մեջ։

2020 և 2021 թվականների նոյեմբերին ԵՄ դատարանն իր որոշումներում նշել է, որ միգրանտներին ընդունելու վերաբերյալ Հունգարիայի որոշ օրենքների դրույթները հակասում են եվրոպական իրավունքին:

Եվրոպայում միգրացիոն ճգնաժամից հետո Հունգարիայի իշխանությունները սկսել են խիստ քաղաքականություն վարել միգրանտների և փախստականների նկատմամբ, որոնք հատում են երկրի սահմանները։ Դրա համար Բուդապեշտը սուր քննադատության է ենթարկվել ՄԱԿ-ի մարդասիրական գործակալությունների և Եվրամիության կողմից։ Մասնավորապես, Հունգարիային Բրյուսելում քննադատել են առաջին հերթին միգրացիոն քաղաքականության վերաբերյալ ԵՄ որոշումները կատարելուց հրաժարվելու համար։

ԵՄ դատարանն ընդգծել է, որ միության բոլոր անդամ երկրները պետք է կատարեն դատարանների որոշումները և վերացնեն նշված խախտումները, հակառակ դեպքում կկիրառվեն ֆինանսական պատժամիջոցներ։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին