Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման գումարը կբարձրանա 15 տոկոսով. Թուրքիայի տրանսպորտի նախարար

Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով տարանցման գումարը կբարձրանա 15 տոկոսով. Թուրքիայի տրանսպորտի նախարար


Հուլիսի 1-ից Թուրքիան 15 տոկոսով կթանկացնի Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով նավերի անցումը։ ՌԻԱ Նովոստին, երկրի տրանսպորտի նախարարությանը հղումով, հայտնել է, որ Սև ծովը Մարմարայի հետ կապող և Եվրոպան ու Փոքր Ասիան բաժանող նեղուցով տարանցումը կթանկանա 40 տարվա մեջ առաջին անգամ։

2023 թվականի հուլիսին սակագինն արդեն բարձրացվել էր ութ տոկոսով՝ մինչև 4,42 դոլար մեկ ֆրանկի դիմաց։ Այս գումարը հաշվարկվում է՝ ելնելով ոսկու ֆրանկի արժեքից՝ համաձայն 1936 թվականին ստորագրված Մոնտրյոյի կոնվենցիայի, որը կարգավորում է նավարկությունը նեղուցներով։ Վճարներից ստացված միջոցներն օգտագործվում են բուժօգնության, արտակարգ իրավիճակներում տարհանման և փարոսների աշխատանքն ապահովելու համար։

Նոր սակագնի համաձայն՝ տարանցման արժեքը կբարձրանա մինչև 5,07 դոլար մեկ միավորի համար, ինչը համարժեք է գրեթե 15 տոկոս աճի: Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի խոսքով՝ մինչև 2022 թվականը 10 հազար տոննա բեռնունակությամբ նավը տարանցման համար վճարել է 3240 դոլար, սակայն հուլիսի 1-ից նոր սակագներով այդ գումարը կբարձրացվի մինչև 20 հազար 370 դոլարի: Դա, նրա կարծիքով, հնարավորություն կտա ապահովել արժույթի ներհոսքը երկրի բյուջե։