Բայդենը չի ցանկանում հետագա էսկալացիա Մերձավոր Արևելքում. Քիրբի 15.04.2024 . Միջազգային
Կիրակի երեկոյան Իսրայելի ռազմական կաբինետը երեք ժամ տևողությամբ նիստ է անցկացրել, սակայն, ըստ արևմտյան և տեղական լրատվամիջոցների, վերջնական որոշում, թե ինչպես է Թել Ավիվը արձագանքելու Թեհրանի հարձակմանը, դեռ չի կայացվել: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է հետաձգել իր պատասխանը՝ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո, հայտնում է CNN-ը։
Իսրայելական զինվորականները կառավարությանը ներկայացրել են իրանական հարձակմանն արձագանքելու «տարբերակների լայն շրջանակ», վերջնական որոշում կկայացվի մոտ օրերս, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակ Փիթեր Լերներին։
Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ նախագահ Ջո Բայդենն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին լարվածությունը զսպելու կոչ է արել և հայտնել, որ Վաշինգտոնը չի մասնակցի Իրանի դեմ որևէ հարձակողական գործողության:
Սպիտակ տան ազգային անվտանգության խոսնակ Ջոն Քիրբին NBC-ին ասել է, որ ԱՄՆ նախագահը չի ցանկանում էսկալացիա Մերձավոր Արևելքում և «անձնապես աշխատում է այս հարցի դիվանագիտական կողմի վրա»։