Կրոնական կազմակերպությունները Սահմանադրական իրավահավասարություն են պահանջում
Վրաստանի Սահամադրական Դատարանը ընթացիկ տարվա փետրվարի 6-ին ուսումնասիրության տակ է առել երկրում գործող մի շարք կրոնական կազմակերպությունների՝ Վրաստանի Խորհրդարանի դեմ ուղղված դատական հայցը։ Կրոնական կազմակերպությունները երկրի Սահմանադրական Դատարանից պահանջում են հաստատել՝ խտրականություն չէ՞ արդյոք հանդիսանում այն փաստը, որ երկար տարիների ընթացքում միայն Վրացական եկեղեցին է նվերի տեսքով պետությունից ստանում տարբեր պետական սեփականություններ։
«Վրաստանի Սահմանադրական դատարանը երկրի Խորհրդարանի դեմ հայց է հարուցվել Վրաստանի մուսուլմանների Գերագույն վարչության, ավետարանական-մկրտական, ավետարանական, ավետարանական-լյութերական եղեկեցիների և Փրկության եկեղեցու անունից։ Կրոնական կազմակերպությունները խնդրում են Վրաստանի Սահմանադրական Դատարանին ուսումնասիրել՝ չի՞ հանդիսանում արդյոք խտրականություն և Սահմանադրական իրավահավասարության խախտում այն փաստը, որ Կառավարությունը անփոխհատույց կերպով պետական սեփականությունը փոխանցում է միայն Վրաց Ուղղափառ Եկեղեցուն։
Կրոնական կազմակերպությունները կարծում են, որ տվյալ փորձը խտրականություն է, քանի որ այլ կրոնական կազմակերպությունները, գործող օրենսդրության համաձայն՝ չեն կարող Կառավարությունից ստանալ պետական սեփականություն։ Տվյալ իրավունքից կարող է օգտվել իայն Վրաց Ուղղափառ եկեղեցին։ Կրոնական կազմակերպությունների հայցը կուսումնասիրվի Դատարանների Առաջին Կոլեգիայի նիստի ընթացքում», -ասված է Վրաստանի Սահմանադրական Դատարանի տարածած հայտարարությունում, գրում է armenian-community.ge կայքը։
Հարկ է նշել, որ երկրի Սահմանադրական Դատարանին հայցով դիմած կրոնական կազմակերպությունների շարքում չկա ո´չ հրեական համայնքը, ո´չ հռոմեա-կաթոլիկ թեմը, ո´չ Վիրահայոց Թեմը։
Հիշեցնենք, որ պետականության վերակնագնման պահից մինչ օրս վրաց պետությունը պարբերաբար և մեծ քանակությամբ Վրաց Ուղղափառ եկեղեցու սեփականությանն է հանձնում անփոխհատույց կերպով տարբեր տեսակի պետական սեփականություններ։
Ինչ վերաբերում է այլ կրոնական կազմակերպություններին, ապա նրանց մի մասը, ոչ միայն չի ստանում պետությունից «նվերներ»՝ տարբեր պետական սեփականությունների տեսքով, այլև մինչ օրս ապարդյուն պահանջում է վերադարձնել Խորհրդային տարիներին բռնագրաված և արդեն պետականության ձեռքբերման ժամանակահատվածում Վրաց եկեղեցու Պատրիարքարանի հսկողությանը հանձնված իրենց պատկանող մասնավոր սեփականությունը։