Ռուսաստանի Դաշնությունը հիմք է ընդունում այն, որ Հայաստանի հետ բոլոր բարդ հարցերը կլուծվեն. Պեսկով 10.04.2024 . Միջազգային
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը, թե Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները դժվար ժամանակներ են ապրում։ Կառավարության նիստում Փաշինյանն ընդգծել է, որ Մոսկվան չի կարող Երևանին մեղադրել պարտավորությունները չկատարելու համար, «թեև հակառակ դեպքերը բազմաթիվ են»։
«Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու գործընկերն է, և Ռուսաստանի ղեկավարությունը ենթադրում է, որ երկկողմ հարաբերություններում բարդ հարցերը կլուծվեն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը հույս է հայտնել, որ տեսանելի ապագայում Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանան անձամբ քննարկել երկու երկրի հարաբերություններին վերաբերող բոլոր հարցերը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ՌԴ մտերիմ գործընկերն է, որի հետ երկիրը միավորված է բազմաթիվ ինտեգրացիոն ձևաչափերում, իսկ երկկողմ պատմական և հումանիտար հարաբերությունների նշանակությունը դժվար է գերագնահատել: