ՀՀ-ն Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը կընկալենք հարձակում ՀՀ-ի վրա. Նիկոլ Փաշինյան
armtimes.com Գերմանիայի Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամում անցկացվող քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նաեւ Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը: Հարցը վերաբերում էր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանին համարեց մեծ ժողովրդավար:
«Ես Ձեզ համարում եմ մեծ ժողովրդավար եւ ուզում եմ հարցնել մեր կոնֆլիկտի մասին: Երբ Դուք եկաք իշխանության, շատերն Ադրբեջանում այն կարծիքին էին, որ Դուք այեւս Ղարաբաղը չեք ներկայացնում, շատերը հույս ունեին, որ կարեւոր քայլեր կձեռնարկեք խաղաղության ուղղությամբ, ասենք Ադրբեջանի գրավյալ տարածքներից հայկական զորքերի հետ քաշման ուղղությամբ: Ցավոք նման բան տեղի չունեցավ, իսկ դրանից հետո հնչեց Ձեր այն արտահայտությունը, որ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ: Պարոն Փաշինյան, ինչ պիտի անենք այդ մեծ հույսի հետ կապված»,-հարցրեց Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչը:
Նիկոլ Փաշինյանն ասաց, բանաձեւի մասին արդեն խոսել է: Մեկ անգամ էլ է կրկնում. միակողմանի գործողություններով հնարավոր չէ հարցը լուծել: «Եթե անգամ ենթադրենք, որ Հայաստանի որեւէ իշխանություն միակողմանի որեւէ գործողություն կձեռնարկի, դրանով ոչ թե հարցը կլուծի, այլ հակառակը՝ խնդիրը կխորացնի: Դուք ասում եք տարածքներ: Ադրբեջանում շատ են սիրում խոսել տարածքների մասին: Բայց շատ կարեւոր է հասկանալ, որ մենք խոսում ենք անվտանգության մասին: Մի երկրում, որտեղ մարդուն հերոսացնում են այն բանի համար, որ նա սպանել է հայի: Անվտանգության գոտին, որի մասին խոսում են Ադրբեջանում, հենց այս տրամաբանության պատճառով է գոյացել, որովհետեւ, երբ որ խաղաղ բնակավայրերը ռմբվակոծվում էին Ադրբեջանի կողմից, տարիներով խաղաղ բնակչությունը, երեխաները չեն կարողացել նկուղներից դուրս գալ: Եվ, երբ որ ասում են տարածք, մենք դա ընկալում ենք որպես անվտանգություն:
Նախ, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն, այլ Արցախի Հանրապետությունը պատրաստ չէ զիջել սեփական անվտանգությունն այնպես, ինչպես որեւէ երկիր պատրաստ չէ զիջել իր անվտանգությունը: Այս իրավիճակի լուծումը կարող է կապված լինել միայն անվտանգության երաշխիքների հետ, որոնք չկան, եւ չեն եղել, հենց դրանց բացակայությունն է բերել այսօրվա իրավիճակին:
Ինչ վերաբերում է իմ արտահայտությանը՝ Ղարաբաղը Հայաստան է, եւ վերջ, ունի շատ բարդ եւ կոնկրետ բացատրություն: Մենք ասել ենք, որ Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը մենք կընկալենք որպես հարձակում ՀՀ-ի վրա: Նաեւ ասել ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է: Սրանով ամեն ինչ ասված է: Ուզում եմ հստակ ասել, որ մենք որեւէ կառուցողական քայլ Ադրբեջանի կողմից վերջին 1.5 տարվա ընթացքում բանակցային պրոցեսում չենք, տեսել: Բայց նաեւ ուզում եմ գնահատել այն իրավիճակը, որին մենք հասել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ 2018 թվականի սեպտեմբերից ի վեր, երբ առաջին անգամ հանդիպել ենք: Դրանից հետո վերջին 1.5 տարվա ընթացքում շփման գծում լարվածությունն աննախպադեպ ցածր մակարդակի վրա է, եւ ես հույս ունեմ, որ կառուցողական քննարկումների արդյունքում ոչ միայն կհաջողվի պահպանել այս համեմատաբար կայունությունը, այլ առաջ շարժվել դեպի իրական կարգավորում»,-ասաց վարչապետը:
Գերմանիայում ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հարցին պատասխանելու ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկաներին պատմել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու, Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտվելու, այնուհետ արտահանձնման եւ Ադրբեջանում Սաֆարովի հերոսացման մասին: