ՀՀ-ն բարձր է գնահատում հայ-իրանական սերտ հարաբերությունները. նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ:
«Հայաստանը բարձր է գնահատում դարերի խորքից եկող հայ-իրանական սերտ հարաբերությունները, մեր ժողովուրդների միջև մարդկային ջերմ շփումները, ինչպես նաև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը:
Ուրախությամբ եմ նշում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար ոչ միայն հարևան պետություն է, այլև բարեկամ երկիր, որի հետ առկա է փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ միջպետական կապերն առավել կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
Հանրապետության նախագահը շնորհավորական ուղերձ է հղել նաև Իսլամական Հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին:
«Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ կարևորություն ունեն Իրանի հետ դարերի խորքից եկող բարեկամական կապերը:
Հավատացած եմ, որ երկկողմ հարաբերություններում առկա զգալի ներուժի և քաղաքական կամքի շնորհիվ հայ-իրանական բազմոլորտ համագործակցությունը կշարունակի խորանալ և զարգանալ՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին