Իրանցի գործընկերների հետ քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) կատարած աշխատանքային այցի շրջանակում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Թեհրանում մասնակցել է Իրանի և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ համաժողովին։
Ինչպես հայտնում են ԱՍՀ-ից, հայկական պատվիրակության կազմում եղել են շուրջ 15 բիզնես-ներկայացուցիչներ, որոնք միջոցառման շրջանակում իրանցի գործընկերների հետ դիտարկել են հետագա համագործակցության զարգացման ուղղություններն ու հնարավորությունները։
Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի տեղակալ Ալի Ռեզա Ասկարիան և այլք: Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ աշխատաշուկայի զարգացման վերաբերյալ։
Իր ելույթում նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձևավորված բարեկամական հարաբերությունների դերը և վստահություն հայտնել, որ հետագա համագործակցությունը ևս կշարունակի ակտիվորեն զարգանալ՝ ելնելով երկու երկրների և ժողովուրդների լավագույն շահից։
Միջոցառման շրջանակում կողմերի մասնակցությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր՝ համագործակցության հետագա ընթացքի հստակեցման նպատակով։