Քաղաքագետ. Բաքվի դիվերսիոն ներթափանցման փորձը լավ առիթ է ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ դիրքորոշման համար
Ադրբեջանական կողմի հերթական դիվերսիոն ներթափանցման փորձը լավ առիթ է ինչպես հայկական կողմի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի կոշտ դիրքորոշման համար՝ վստահության մեխանիզմների սահմանման հարցում առաջընթացի համար փաստարկման տեսանկյունից: Փետրվարի 2-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը փորձել եւ փորձում է լարվածություն պահպանել Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին՝ որպես հոգեբանական ճնշման միջոց:
«Հասկանալի է, որ մենք գործ ունենք հատուկ նշանակության ջոկատի հետ: Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ՊՆ-ն հակասական տեղեկություն է տրամադրում՝ իրեն իսկ ծիծաղելի դրության մեջ դնելով»,- ընդգծեց Մինասյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին ժամը 15:00-ի սահմաններում հակառակորդը, օգտվելով մառախուղից, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ (Թալիշ) դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել: ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին արձանագրելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների տեղաշարժը, պատասխան գործողությունների են դիմել եւ հակառակորդին կորուստներ պատճառելով՝ շպրտել ելման դիրքեր: Հայկական կողմին հաջողվել է գերեվարել ծնունդով Բարդա քաղաքից ադրբեջանցի զինծառայող, 1995 թվականին ծնված Էլնուր Հուսեյնզադեին:
Աղբյուր՝ Akhaltskha.net