ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակը պատրաստ է մոբիլիզացնելու լրացուցիչ ռեսուրսներ՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին 29.09.2023 . Միջազգային
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը մտահոգություն է հայտնել Հայաստանում փախստականների թվի արագ աճով, ինչպես նաև սահմանին առաջացած հերթերի կապակցությամբ: Ճեպազրույցի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը ներկայացրել է Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հայտարարությունը, ըստ որի՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի շարասյուները՝ ավելի շատ օգնության պարագաներով, ճանապարհին են, և որ ՄԱԿ-ի գործակալությունը պատրաստ է մոբիլիզացնելու լրացուցիչ ռեսուրսներ՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը կոչ է անում պաշտպանել խաղաղ բնակիչներին և հարգել միջազգային մարդասիրական ու փախստականների իրավունքը, ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք կհանգեցնեն քաղաքացիական անձանց հետագա տեղահանմանը և ապահովել նրանց անվտանգությունն ու իրավունքները: Ըստ Դյուժարիկի՝ Հայաստանի կառավարության համապատասխան գործողությունների շրջանակում գործակալության թիմերը տեղում են՝ անհապաղ օգնություն ցուցաբերելով և ուշադիր հետևելով իրավիճակին: