Սամանտա Փաուերը Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել, ամփոփել ամերիկյան պատվիրակության՝ Բաքու կատարած այցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը, որին ներկա են եղել նաև ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը և պետքարտուղարության կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն:
Միջազգային զարգացման գործակալության հաղորդագրության համաձայն՝ Ալիևի հետ հանդիպմանը Փաուերն ընդգծել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար հասանելիության կարևորությունը, այդ թվում՝ Լաչինի միջանցքում կուտակված անձանց համար:
«Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղում միջազգային դիտորդների տեղակայման անհրաժեշտությունը՝ ստուգելու՝ արդյոք մարդկանց իրավունքները հարգվո՞ւմ են, և մշակութային ու կրոնական կոթողները պաշտպանվո՞ւմ են։ Փաուերը նշել է նախագահ Ալիևի հանձնառությունը՝ պաշտպանելու էթնիկ հայերի իրավունքները և անվտանգությունը: Քննարկվել են նաև այն քայլերը, որոնք ցույց կտան, որ Ադրբեջանի կառավարությունը մտադիր է հավատարիմ մնալ իր հանձնառությանը: Փաուերը վերահաստատել է Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։
Նրանք զրուցել են նաև երկարաժամկետ խաղաղ բանակցություններին կողմերի հավատարմության և այդ գործընթացին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։