ՄԱԿ-ը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել ԼՂ-ից տեղահանված բնակչությանը
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրիշը մտահոգված է ԼՂ մեծ թվով բնակիչների` դեպի Հայաստան տեղաշարժի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ֆարհան Հաքը` հայտնելով, որ կազմակերպությունը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել:
«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգ է տարածաշրջանային վերջին իրադարձությունների հետևանքով մարդկանց` դեպի Հայաստան տեղաշարժով: Անհրաժեշտ է, որ տեղահանվող բնակչության իրավունքները պաշտպանվեն, և վերջիններս ստանան պահանջվող հումանիտար օգնությունը, ինչպես նաև փախստականների վերաբերյալ միջազգային իրավունքին համապատասխան պաշտպանություն»,- ասել է նա:
Վերջինս տեղեկացրել է, որ ներկա պահին կազմակերպությունը չի մասնակցում հումանիտար աշխատանքներին:
«ՄԱԿ-ի հումանիտար հարցերի գրասենյակի և Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, Հայաստանի հարավային հատվածում են, ուր ուղևորվում է տեղահանվող բնակչության մեծ մասը: Ինչ վերաբերում է հատվածին (խմբ․՝ Լեռնային Ղարաբաղին), որտեղից բնակիչները տեղահանվում են, ապա այնտեղ, որքան տեղյակ եմ, գտնվում են ԿԽՄԿ ներկայացուցիչները»,- ասել է նա: