ՄԹ-ն մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը․ պետնախարար
ՄԹ Արտաքին հարաբերությունների և համագործակցության նախարարության պետնախարար Թարիք Ահմադը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի բացման ժամանակ ասաց, որ ՄԹ-ն մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը:
«Տեղում մարդասիրական կարիքն ահռելի է, այն շարունակում է մեծանալ: Մի քնաի օր առաջ, ինչպես ԱՄԷ ներկայացուցիչն ասաց, բոլորս քաջալերված էինք լավ լուրերը լսելով, թեպետ դա Լաչինի և Աղդամի ճանապարհներով դեպի ԼՂ փոքր մասշտաբի մարդասիրական առքումների մասին լուր էր:
Առաջընթացի այս հնարավորությունը, սակայն, ցավոք, ընդհատվեց, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում: Մեր գործընկերներից շատերի հետ ՄԹ-ն Ադրբեջանին կոչ է արել դադրեցնել ուժի գործադրումը, ձեռնպահ մնալ իրավիճակը սրացնելու հդետագա գործողություններից և որ կարևոր է, վերադառնալ երկխոսության:
Մենք լիովին հասկանում ենք ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջև լարվածությունը հաղթահարելու համար: Անմիջական երկխոսությունն է միակ ճանապարհը գտնելու իրական, մնայուն խաղաղություն և լուծումներ:
Ուստի հիմա շատ կարևոր է վերսկսել բանակցությունները ԼՂ հայության ներկայացուցիչների հետ՝ ունենալով արժանահավատ ծրագիր՝ ապահովելու տարածաշրջանի բոլոր բնակիչների անվտանգությունն և նրանց ընձեռել խաղաղության պայմաններում ապրելու հնարավորություն:
Ներկայումս ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ ԿԽՄԿ-ն, նույնպես կարող են կարևորագույն աջակցություն ցուցաբերել մարդասիրական կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքները հոգալու համար: Բռնության հետագա գործադրումը միայն կթուլացնի այն նախնական փխրուն առաջընթացը խաղաղության Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն համաձայնության ուղղությամբ, որի հիմքում պետք է ընկած լինեն երկու պետությունների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը: Անխոս, դա բխում է ամբողջ Հարավային Կովկասի շահերից:
ՄԹ-ն իր կողմից ողջունում է երեկ հայտարարված հրադադարը, ուստի մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել այդ հրադադարը, վերջ տալ բռնությանը և հրատապ բաց երկխոսություն ծավալել՝ տարածաշրջանի ժողովրդաի համար ապահով, անվտանգ ապագա կառուցելու համար: ՄԹ-ն հավաստիացնում է, որ պատրաստ է աջակցել այդ կարևոր գործընթացին հնարավոր ամեն կերպ»,- ասաց լորդ Թարիք Ահմադը: